ՍԴ որոշմամբ օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրության պահանջներին հակասող և անվավեր

constitutioanl-courtՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ հոկտեմբերի 14-ի որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության՝ «եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ տասներկու ամսվա ընթացքում» դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18, 19 և 31-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: 

Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում վերոնշյալ գումարը ժառանգները կարող էին ստանալ 12 ամսում՝ արդեն որպես ժառանգություն:

Այսուհետ, մահացած կենսաթոշակառուի  չվճարված կենսաթոշակը կարող են ստանալ թոշակառուի մահից հետո նույնիսկ 12 ամիս անց, եթե առկա է ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությունը, ինչպես նաև, եթե դատարանի կողմից հարգելի են սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները: Փաստացի տիրապետման ուժով՝ չվճարված կենսաթոշակի գումարը նույնպես  պետք է տրամադրվի առանց ժամկետային որևէ սահմանափակման:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը:

Աղբյուրը՝ www.concourt.am

Մեկնաբանություններ