Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը

440 սփյուռքահայ երիտասարդներ այսօր «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակներում ոտք դրեցին հայրենիք։ Այս մասին այօր Հայ-ռուսական համալսարանում ընթացող «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառման ժամանակ հայտնեց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Միջոցառմանը մասնակցում են հայկական սփյուռքի տարբեր օջախների ներկայացուցիչներ, սակայն մասնակիցների գերակշիռ մասը Ջավախքից են: Սփյուռքի նախարարը իր ելույթի խոսքում կարևորեց այն հանգամանը, որ երիտասարդներն իսկապես գտնվում են հեղափոխված նոր Հայաստանում և՛ մասնակիցներին, և՛ ներկաներին վերջինս շնորհավորեց «Քայլ դեպի տուն» ծրագրի մեկնարկի կապակցությամբ։

Մխիթար Հայրապետյանը հայկական սփյուռքի տարբեր օջախների ներկայացուցիչներին կոչ արեց հայրենիքում պատմամշակութային վայրեր այցելելուն զուգընթաց դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ և տեսնել, թե հեղափոխությունից հետո Հայաստանում դրական ինչ էներգետիկա է կուտակված:

Սփյուռքի նախարարը վստահություն հայտնեց, որ երիտասարդները սիրելու են, գժի պես են սիրելու այս երկիրը.

«Մեր պետությունը ևս ձեզ սիրելու է: Բայց ուզում եմ, որ դուք բացի այն, որ այցելելու եք տարբեր պատմաշակութային վայրեր, երբեմն դուրս գաք և շփվեք մարդկանց հետ: Տեսնեք, թե որքան դրական էներգետիկա է կուտակվել «Թավշյա հեղափոխությունից» հետո: Խոսե՛ք, զրուցե՛ք, կիսվե՛ք, ճանաչե՛ք ձեր հայրենակիցներին. դուք կսիրեք իրենց»,- ասաց նախարարը:

Մխիթար Հայրապետյանը հավաստիացրեց, որ մասնակիցների մի մասին հետ դեռ հանդիպելու է, սակայն չգիտի թե երբ բայց գիտի, որ անձամբ ու իր թիմն անելու են ամեն բան, որ դահլիճում նստած սփյուռքահայերից շատերը տեղափոխվեն Հայաստան:

«Բայց նրանք, ովքեր կրկին կվերադառնան իրենց երկրներ, նրանց ուղղակի մի բան եմ ուզում ասել: Եթե գա մի օր, երբ դուք կկարոտեք և դուք նեղացած կլինեք աշխարհից, տխուր կլինեք, ուղղակի ուզում եմ՝ մի բան լավ հիշեք ու մտաբերեք՝ դուք այստեղ հյուրեր չեք: Դուք տանտիրոջ կարգավիճակով եք: Եվ որ կա մի փոքր պետություն, բայց մեծ ներուժով, 42 հազար կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ»,- իր խոսքը եզրափակեց նախարարը կրկին շնորհակալություն հայտնելով մասնակիցներին:

Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր: