«Հայկին հնարավոր է տանել, երբ նրան ծխախոտի, դեղի տուփ, կոնֆետի թուղթ, անգամ ձեթի տարայի վրայի թուղթ մեկնեն». անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մայր

Հունիսի 8-ին տնից անհետացած 14-ամյա Հայկ Հարությունյանի մայրը պնդում է, որ իր երեխան, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի իրենց տնից դուրս է եկել և դեռևս չի հայտնաբերվել, ողջ է:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհետացած տղայի մայրը՝ Հասմիկ Հարությունյանը, նշեց, որ, որդու անհետանալու դեպքի հետ կապված, ինքը հանդիպել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ. «Ինչ վերաբերում է ոստիկանության որոնողական աշխատանքին, ապա ես հանդիպել եմ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, ամեն օր զանգում և զրուցում եմ, ասում է, որ իր պրակտիկայում նման դեպք չի եղել։ Շնորհակալ եմ, ոստիկանությունն էլ, Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ, լավ աշխատում են»,- ասաց նա։

Հանրության մեջ տարածված լուրեր կան, ըստ որոնց՝ Հասմիկ ՀԱրություննյանը տեղյակ է իր որդու անհետանալու մանրամասներին և ինքը ևս կապված է դրա հետ: Կինը ասաց, որ իր խիղճը մաքուր է, և  ինչ ուզում են՝ թող խոսեն. «ինձ էլ չի հետաքրքրում, էլ ուշադրություն չեմ դարձնելու: Եթե ոստիկանությունը կասկածեր, որ ես կամ նրա հայրը ինչ-որ բան ենք արել, ես այստեղ չէի լինի »,- ասաց նա:

Կինը պնդում է, որ երեխային փնտրելիս ոստիկանական շունը հետքերով հասել է մինչև Արարատի ճանապարհ ու այնտեղ կորցրել հետքը. «Եզրակացնում եմ, որ այնտեղից ինչ-որ մեկը վերցրել ու տարել է։

Գնացել եմ աստղաբան Էլյա Հովհաննիսյանի մոտ, նա նայեց աստղերը, մոլորակները և ասաց, որ իմ երեխան ողջ է։ Բացի այդ, գուցե աբսուրդ թվա, գնացի մոմ թափողի մոտ, որը հայտնեց, որ իմ երեխան գտնվում է երեք մարդու մոտ, որոնք վախենում են պատասխանատվության ենթարկվելուց և այդ պատճառով էլ երեխայիս չեն բերում։ Ես խնդրում եմ, որ բերեն երեխայիս, եթե նրան ողջ-առողջ բերեն, ապա ես չեմ բողոքի»,- ասաց Հասմիկ Հարությունյանը։

Կնոջ պնդմամբ՝ երեխային փախցրել են և վախենում են վերադարձնել՝ պատասխանատվության չենթարկվելու համար։ Հայկի մոր խոսքերով՝ ինքը պատրաստ է հրաժարվել պատասխանատվությունից, միայն թե, խնդրում է վերադարձնել երեխային։ Հասմիկ Հովհաննիսյանը վստահ է, որ երեխային որևէ մեկը վերցրել է, որովհետև, եթե նա փողոցում լիներ, նրան կգտնեին։

Տղայի մայրը պատմեց, որ երեխան ընդհանրապես չի խոսում, բացարձակ արտահայտման ձև չունի. «Իմ աղջիկն էլ աուտիզմ ունի, բայց ի տարբերություն Հայկի՝ հանգիստ վիճակում է: Հայկի մոտ աուտիզմի ագրեսիվ տեսակն է, նրան ինչ-որ ձև տարել են, Հայկը գերբնական ուժ ունի, վախի զգացում ընդհանրապես չունի, նա, եթե ագրեսիվ վիճակում գտնվի, կարող է ուժեղ հարվածել մարդկանց, տասը հոգով էլ լինեն, նրան զոռով չեն կարող տանել: Հայկին հնարավոր է տանել, երբ նրան ծխախոտի, դեղի տուփ, կոնֆետի թուղթ, անգամ ձեթի տարայի վրայի թուղթ մեկնեն»:

Կնոջ խոսքերով՝ նման դեպք չի եղել, երբ տղան գնար և օրերով տուն չկար.  «Գնում էր, երկու ժամից գալիս էր: Այդ օրը փախել է՝ դարպասի վրայից թռնելով»:

Հիշեցնենք,  որ հունիսի 8-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել: Հունիսի 18-ին Արարատի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն։