Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով հերթական դատական նիստը չկայացավ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր չկայացավ քրեական աշխարհում, որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում կայացրեց նախաքննություն իրականացնող մարմնից պահանջել սպանության դեպքի վայրում հայտնաբերված բժշկական ձեռնոցն ու հետազոտել այն:

Նշենք, որ վերոնշյալ ձեռնոցը հայտնաբերվել է սպանության վայրում, որը գործով անբաստայալ Իսրայել Սարգսյանի պնդմամբ կարևոր ապացույց է, և վերջինս դատարանից պահանջում էր որպես իրեղեն ապացույց ճանաչել:

Հավելենք, որ նշված բժշկական ձեռնոցի ԴՆԹ-ի և  համեմատական մոլեկուլային հետազոտության արդյունքներով հայտնաբերված ԴՆԹ-ն չի համընկնում Մովսես Ներսիսյանի և Իսրայել Սարգսյանի ԴՆԹ-ների հետ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են  Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին՝ «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝ դին  Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում: Սպանությունից ավելի քան երեք տարի անց Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:

Այսպիսով, դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ