Դատարանի կողմից շարունակվում է դատական սանկցիաների կիրառումը. «Սասնա ծռեր»-ի դատական գործ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակում է ընթանալ  «Սասնա ծռեր»-ի այս անգամ 18 անդամների գործով դատավարությունը։ Նիստի մեկնարկին՝ փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյան և Արայիկ Պապիկյանը հրաժարվեցին կարգադրիչներին ցույց տալ իրենց պայուսակների պարունակությունը՝ նշելով, որ դա հակասում է օրենքին, ինչի արդյունքում կարգադրիչները թույլ չտվին վերջիններիս մտնել նիստերի դահլիճ:      

Նինա Կարապետյանցի պայուսակի զննության արդյունքում ազդանշան է արձակվել, սակայն վերջինիս կարգադրիչները թույլ են տվել մտնել նիստերի դահլիճ:

Նույն իրավիճակը եղել է նաև պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի դեպքում, սակայն ի տարբերություն Կարապետյանցի՝ վերջիններիս թույլ չեն տվել մտնել նիստերի դահլիճ՝ պահանջելով զննել պայուսակների պարունակությունը, որը փաստաբանների կարծիքով ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն:

Փաստաբան Նինա Կարապետյանցը արձագանքեց խտրականության նման դրսևորմանը, որի արդյունքում նրանից ևս  կարգադրիչները պահանջեցին պայուսակը զննել:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փաստաբաններն արձանագրություն կազմեցին՝ նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին ներկայացնելու նպատակով։

Նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, ով գրությամբ տեղյակ էր պահել դատարանին ծանրաբեռնվածության վերաբերյալ՝ հինգշաբթի օրերին մեկ ուրիշ դատական նիստ ունենալու պատճառով:

Պաշտպանի մշտական բացակայությունների պատճառով դատավոր Արտուշ Գաբրիելյանը ամբաստանյալ Թորոս Թորոսյանին առաջարկեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ նոր պաշտպան գործի մեջ ներգրավելու նպատակով: Ամբաստանյալը հրաժարվեց վերոնշյալ առաջարկից, սակայն, այնուամենայնիվ, դատավորը որոշում կայացրեց հանրային պաշտպան ներգրավելու համար դիմել հանրային պաշտպանի գրասենյակ, քանի որ Թորոս Թորոսյանի նկատմամբ  նախորդ դատական նիստին կիրառվել է սանկցիա:

Դատարանի որոշման դեմ հայտարարությամբ հանդես եկավ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, նշելով, որ վերոնշյալ որոշումը անօրինական է, քանի որ ամբաստանյալ Թորոս Թորոսյանը չհրաժարվեց իր պաշտպանից.

«Թորոս Թոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դիմում է ներկայացրել դատարան, իր զբաղվածության վերաբերյալ։ Դուք պարտավոր եք նիստը հետաձգել»,-ասաց փաստաբանը:

Արամ Հակոբյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարան միջնորդություն ներկայացրեց, որ իրենց պաշտպանյալները, որոնց նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել,  պաշտաններին անհապաղ ներկայացնեն նիստերի դահլիճ.

 «Ես կհեռանամ դատարանի դահլիճից, եթե մեր պաշտպանյալները չբերվեն դատարան: Մենք ունենք հանձնարարություն մեր պաշտպանյալների կողմից` առանց իրենց ներկայության նիստը չշարունակելու»,- իր խոսքում նշեց պաշտպանը:

Փաստաբանի միջնորդությանը միացան նաև մյուս պաշտպանները.

«Նիստերի դահլիճից հեռանալը մեր կողմից ինքնանպատակ չի լինի։ Դատարանից խնդրում եմ նիստերի դահլիճ  բերել մեր պաշտպանյալներին»,- դատարանում նշեց պաշտպան Գրիշա Բալասանյանը: Նույն պահանջով հանդես եկավ նաև Արա Ղարագյոզյանը:

Դատավորն առաջարկեց փաստաբաներին իրենց պաշտպանյալների հետ խոսել և բացատրել, որ պարտավոր են հարգալից վերաբերմունք ցուցաբերել դատարանի նկատմամբ, ինչին ի պատասխան փաստաբան Գրիշա Բալասանյանը նշեց, որ ինքն իրեն իրավունք չի վերապահում պաշտպանյալի հետ դաստիարակչական և դասախոսական աշխատանք կատարել.

«Դատարանը պետք է այնպիսի սկզբունքայնություն դրսևորի, որ գոնե ամբաստանյալների դատական նիստերին ներկա չգտնվելու պատճառով նիստերը չհետաձգվեն:  Սանկցիա կիրառելը ոչ թե պարտականություն է, այլ՝ իրավունք»,-ասաց պաշտպանը, հավելելով, որ դատարանը պետք է այս ամենը հաշվի առնի, որպեսզի դատական գործընթացն առաջ գնա:

Նիստերի դահլիճում իր ընկերների ներկա գտնվելուն արձագանքեց ու հարցադրումով դիմեց դատավորին ամբաստանյալ Արամ Մանուկյանը.

«Մեր արածն ապստամբություն էր, հիմա մեր ապստամբությունը շարունակվում է, որ 6 ժամը լրանա, տղեքը գան ու ոտքի չկանգնեն, նորից 6 ժամով սանկցիա պիտի կիրառե՞ք»,- ասաց նա։

            Ի          պատասխան դատավորը լռեցնելու փորձ կատարեց և նշեց, որ այդ հարցին հետո կանդրադառնան:

Մեղադրական կողմը միջնորդության դեմ առարկեց, փաստելով, որ դատարանի կողմից նման որոշումը կայացվել է օրինական ձևով, քանի որ ամբաստանյալները դատական նիստերի կարգը խախտել են և դատավարության կողմերի նկատմամբ դրսևորել են անհարգալից վերաբերմունք:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը լսելով միջնորդությունը և կողմերի առարկությունը, որոշում ընդունեց միջնորդությունը բավարարել և նիստերի դահլիճ բերել ամբաստանյալներ Արամ Հակոբյանին, Արթուր Մելքոնյանին, Տիգրան Սարգսյանին, Տիգրան Մանուկյանին, Արայիկ Հակոբյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին, Հովհաննես Վարդանյանին, Վարդան Գերավետյանին, Մարտիրոս Հակոբյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Գևորգ Իրիցյանին, Թորոս Թորոսյանին, Մանվել Աթոյանին, Վարդգես Գևորգյանին, Թաթուլ Թամրազյանին, որպեսզի վերջիններս մասնակցեն դատական գործընթացին:

Հերթական ընդմիջումից հետո դատարանը նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց նիստերի դահլիճ բերված ամբաստանյալների նկատմամբ:

Դատարանն անցավ ամբաստանյալների ինքնությունը ճշտելու և պաշտպանների գործի մեջ ներգրավելու գործընթացին:

Ինքնությունը ճշտելու ժամանակ ամբաստանյալները ևս ոտքի չկանգնեցին՝ երկրորդ անգամ կիրառվեց նախազգուշական սանկցիա.

«Ես չեմ կարող կանգնել, քանի որ այն գահի առաջ, որի նկատմամբ ապստամբուն են՝ չեն կանգնում»,- իր չկանգելու վերաբերյալ ասաց ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը:

Նիստի հերթական ընդմիջումից հետո՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը ոտքի չկանգնելու համար ամբաստանյալների նկատմամբ 10-ժամյա սանկցիա կիրառեց, բացառությամբ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի  և Գևորգ Իրիցյանի:

«Այսօր դուք ճիշտ որոշում կայացրիք ամբաստանյալներին բերեցիք դահլիճ, բայց ինչ-որ մեկին դա դուր չեկավ՝ նորից տարաք: Ակնհայտ է՝ ամեն ինչ արվում է, որ այս նիստը չկայանա»,-իր խոսքում նշեց պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Հայտարարվեց 15 րոպե ընդմիջում, որից հետո պաշտպան Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի, Նինա Կարապետյանցի նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա: Սանկցիա կիրառվեց նաև նիստի դահլիճում գտնվող 3 քաղաքացիների նկատմամբ՝ դատական նիստերի դահլիճից հեռացնել մինչև սույն գործով դատական  նիստի ավարտվելը:

Դատարանը որոշում կայացրեց նաև ամբաստանյալ Թորոս Թորոսյանի համար դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ անվճար պաշտպան գործի մեջ ներգրավելու համար:

Պաշտպան Գրիշա Բալասանյանը դիմեց դատարանին, որպեսզի որոշում կայացնելու նպատակով խորհրդակակցական սենյակ գնալու պարագայում որոշակի ժամանակ սահմանվի.

«Մենք Արտուշ Գաբրիելյանի գերիները չենք: Դուք պարտավոր եք մեզ ասել, թե քանի՞ ժամով եք գնում, որպեսզի մենք կարգավորենք մեր հանգիստը»,- ասաց պաշտպանը հավելելով, որ այս շոգ պայմաններում կարգադրիչները թույլ չեն տալիս պաշտպաններին ջուր բերել իրենց հետ, ասելով, որ իրենք կտան.

«Դուք, եթե ցանկանում եք ջուր խմել հարցնո՞ւմ եք որևէ մեկին. հետևաբար դուք մեզնից առավել չեք»,- ասաց պաշտպանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցույան սենյակ գնալու ժամանակ սահմանելու վերաբերյալ ասաց, որ հաջորդ անգամ որոշակի ժամանակ կասի, իսկ ջրի վերաբերյալ՝ հորդորեց հաջորդող դատական նիստերի ժամանակ դատարանից խնդրել որոշակի ժամանակով դուրս գալ, ջուր խմել և վերադառնալ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին:

Նյութը Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ