«Ժիրայր Սեֆիլյանը ազգի հերոս է և զանգվածային անկարգություններ կազմակերպելու կարիք չի ունեցել». Հետազոտվեցին գործում եղած ապացույցները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

 Նիստն սկսվելուց հետո  դատավոր Տաթևիկ Գրիգորյանը կրկին նախազգուշացում կիրառեց ամբաստանյալներ  Ժիրայր Սեֆիլյանի,  Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Նշենք, որ նախորդ նիստի ընթացքում որոշում էր կայացվել Ժիրայր Սեֆիլյանի համար ներգրավել հանրային պաշտպան, ինչի պատճառով այս նիստին ներկայացել էր հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտնեց, որ դատարանը ունի բոլոր հիմքերը Սեֆիլյանի պաշտպանի ընտրությունը սահմանափակելու համար, սակայն  որոշեց ևս մեկ հնարավորություն տալ Սեֆիլյանին իր ընտրած պաշտպանի միջոցով պաշպանությունն իրականացնելու համար, և  հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարան էր ներկայացել նաև Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը որոշեց Մարինե Թովմասյանին չներգրավել գործում:

Այնուհետև հրապարակվեց վկա Երեմ Խ.-ի նախաքննական ցուցմունքը, որից պարզ դարձավ, որ վկան իրականացրել է տեխնիկական բնույթի աշխատանքներ և սպասարկել է «Հիմնադիր խորհրդարան»-ի համակարգիչները: Վերջինիս ցուցմունքի համաձայն այդ աշխատանքն ինքը կատարել է «Սարդարապատ» շարժման  գրասենյակում, որտեղ էլ ծանոթացել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների հետ, ՀԽ-ի կողմից երբեք չի լսել զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչեր և նմանատիպ շարժումների չի մասնակցել:

Վկայի ցուցմունքի հրապարակվելուց հետո Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ ցուցմունքում չկա հիշատակություն այն մասին, որ Սեֆիլյանը զանգվածային անկարգություններ է նախապատրաստել, իսկ նրանք, որվքեր մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ` քաղբանտարկյալներ են:

 «Ժիրայր Սեֆիլյանը ազգի հերոս է և զանգվածային անկարգություններ կազմակերպելու կարիք չի ունեցել»,- ասաց պաշտպանը:

Այնուհետև Տիգրան Հայրապետյանը միջնորդեց հարցաքննված վկաներին կրկին կանչել դատարան, քանի որ իր պաշտպանյալը ներկա չի գտնվել նիստերին և հնարավորություն չի ունեցել վկաներին հարցեր տալու, սակայն դատավորը որոշեց մերժել այս միջնորդությունը, հայտնելով, որ ամբաստանյալները իրենց իրավունքից զրկվել են իրենց կողմից իրականացված դիտավորությունների արդյունքում:

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայկի Պապիկյանը ևս հանդես եկավ  միջնորդությամբ, որի համաձայն`  մի շարք անձանց, որոնք ցուցմունք են տվել նախաքննության ընթացքում, հրավիրել դատարան և հարցաքննել, քանի որ ըստ փաստաբանի նրանք կարող են ցուցմունք տալ ամբաստանյալների օգտին:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ միջնորդության քննարկումը  պետք է հետաձգվի, քանի որ այն ժամանակին արված չէ:

Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը, համարելով, որ ապացույցները դեռ հետազոտված չեն :

Այնունետև դատարանն առաջարկեց փոխել ապացույցների հետազոտման կարգը, քանի որ վկաներից Հովհաննես Մինասյանն այս պահին գտնվում է ծառայության մեջ և չի կարող ներկայանալ դատարան, վերջինիս կանդրադառնան ապացույցների հետազոտումից հետո:

Այդ ընթացքում դատարան ներկայացավ նաև Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը, վերջինս միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ սանկցիան, իրեն տրամադրել դատական նիստերի ձայնագրություններն ու տրամադրել ժամանակ, որպեսզի կարողանա  արդյունավետ իրականացնել  պաշտպանությունը: Դատավորը մասնակի բավարերեց Տիգրան Եգորյանի միջնորդությունը և վերացրեց Գևորգ Սաֆարյանի նկատամամբ կիրառված սանկցիան, սակայն չհետաձգեց նիստը:

Նշենք, որ  դատարանը վերացրեց նաև տեսանկարահանման վրա դրված արգելքը:

Դատարանը որոշեց անցնել առաջ և մտնել ապացույցների հետազոտման փուլ, որից հետո հրապարակվեց գործում եղած ապացույցները:

Նշենք, որ նիստի ընթացքում  Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը խնդրեց դատարանին իրեն տրամադրել 3 օր` դատավորի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, սակայն դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ընդամենը 30 րոպե տրամադրեց այն ներկայացնելու համար, ինչի պատճառով նիստն ընմիջվեց:

Այնուհետև դատավորը որոշեց սանկցիա կիրառել Տիգրան Եգորյանի նկատամամբ և դիմել Փաստաբանական պալատ,  քանի որ վերջինս իրեն հատկացված ժամանակահատվածում չներկայացավ դատարան, իսկ Գևորգ Սաֆարյանի պաշտպանության համար դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ:

Հաջորդ նիստը տեղի կունենա  նոյեմբերի 3-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը` Ելենա Արամյանի

[views]