Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ նախնական նիստը, որի պատասխանող կողմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր: Սակայն, նիստը հետաձգվեց պատասխանող կողմի՝ ԿԸՀ-ի և 9 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացուցչի բացակայության պատճառով:
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունները՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից հայտնաբերված խախտումների առթիվ հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ 9/7, 9/42 տեղամասային ընտրական հանձնաժողով(ներ)ի նախագահ(ներ)ի գործողությունները (անգործությունը), թիվ 9 տարածքային ընտրական հանձնաժողովի 07.04.2017 թվականի թիվ 16-Ա որոշումը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 02.05.2017 թվականի թիվ 185-Ա որոշումը, որոնց հետևանքով խախտվել են հայցվորների իրավունքները, ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Դիտորդների կողմից հայտնաբերված խախտումներն են.
9/7 տեղամասում ամփոփման նիստի՝ հաշվարկի ընթացքում ավելորդ պարագաների՝ գրիչների առկայություն: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն, խախտումը չի վերացվել: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
9/42 տեղամասում արձանագրվել է, որ հաշվարկները սկսվել են կես ժամից ավելի ուշացմամբ, որի ընթացքում բաց և առանց հսկողության է թողնվել չհրկիզվող պահարանը։ Այնուհետև հանձնաժողովի նախագահը և անդամներ մոտեցել են չհրկիզվող պահարանին և ինչ-որ գործողություններ կատարել: Հանձնաժողովի նախագահը տեղեկացվել է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն, խախտումը չի վերացվել: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 5-ին, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Քրիստինա Գևորկյանը, այս գործի քննությամբ կա ևս մեկ դատական գործ, որի քննությունը կկայանա արդեն օգոստոս ամսին:
Նյութը՝ Ռոզա Վարդանյանի