Ամուսնալուծությունների 19.1%-ի պատճառն ընտանեկան բռնությունն է

«Արդեն 3 տարի է, ինչ բաժանված եմ ամուսնուցս: Ինձ համար ավելի լավ է միայնակ մայր լինել և երեխաս մեծանա առողջ մթնոլորտում, քան ամեն օր լսի բղավոցներ, վեճի և լացի ձայներ»,- իր պատմությամբ մեզ հետ զրուցեց Աննան (անունը փոխված է-Ռ.Վ):
Աննայի իրավիճակում կարող է գտնվել ցանկացած կին, սակայն, յուրաքանչյուրն ինքն է ընտրում` ապրե՟լ նման պայմաններում, թե՟ ամուսնալուծվել:

2014-2017թթ Հայաստանում ամուսնալուծությունների կտրուկ աճ է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց իրավաբան, իրավախորհրդատու Հայկազ Մակարյանը.
«Ամուսնալուծությունների պատճառների ամենամեծ պատառը բաժին է ընկնում ամուսնական դավաճանությանը` մոտ 28.2%, հաջորդ պատճառը` բնավորությունների անհամատեղելիությունն է`19.5%, որին հաջորդում է, թերևս, ամենացավոտ դեպքը` ընտանեկան բռնությունները` 19.1%»:

Այսօր կանայք ավելի քաջատեղյակ լինելով իրենց իրավունքներից, հիմնականում իրենք են անում առաջին քայլը և դիմում դատարան` ամուսնալուծության հայց ներկայացնելով. «Կանայք առաջինն են նաև ամուսնությունը փրկելու իրենց պատրաստակամության մեջ: Ինձ են դիմում, հույս ունենալով լուծել ներքին ընտանեկան խնդիրները, վերականգնել փոխհարաբերությունների ներդաշնակությունը, ինչը բավականին ողջունելի քայլ է: Մենք հնարավորիս ամեն ինչ անում ենք ընտանիքին օգնելու համար»,- ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:
Իրավաբան Հայկազ Մակարյանն անդրադարձ կատարեց նաև սոցիալական ցանցերի ներթափանցմունը դեպի ընտանիք, նշելով, որ մեծ թիվ են կազմում «Ֆեյսբուք», «Թվիթեր» և «Օդնոկլասսնիկի» կայքերի պատճառով տեղի ունեցող ամուսնալուծության հայց ներկայացրած զույգերը:
«Վիճակագրությունների մեջ մի կետ կարող եմ առանձնացնել, երբ 20-23 տարեկան ամուսնական զույգերը դիմում են դատարան` բաժանվելու, քանի որ աղջիկը կույս չի եղել»:
Վերջում բանախոսներն անդրադարձան արտագաղթի թեմային: Ըստ նրանց, այսօր մարզերում և գյուղերում ընտանիքի հոր արտագաղթը հանգեցնում է հարաբերությունների սառեցմանը, որն էլ տարիների
 ընթացքում իր հերթին բերում է բաժանման: «Հայաստանում, ըստ վիճակագրության, ամուսնալուծության ամենաշատ հայցը ներկայացնում են Շիրակի մարզում, իսկ Արագածոտնի մարզում, հատկապես գյուղերում, մեծ թիվ են կազմում այն դեպքերը, երբ մարզպետը/գյուղապետն իր ձեռքն է վերցնում զույգի ամուսնալուծության հարցը և փորձում տնօրինել այն: Սա ամենածանր հարցերից է, որին պետք չէ խառնվի յուրաքանչյուր մեկը, այդպես գուցե ավելի բարդացնի իրավիճակը»,- իր խոսքն ավարտեց իրավաբան Մակարյանը:
Նյութը` Ռոզա Վարդանյանի