«Սասնա ծռեր»-ի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր Գագիկ Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, և նրան պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակել, սակայն դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց ներկայացված միջնորդությունը:
Դատավորը հայտնեց, որ Գագիկ Եղիազարյանը դրսևորել է բացասական վարքագիծ և այս փուլում դատարանը չի փոխում խափանման միջոցը: Դատավորի հայտարարությունից հետո ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք սկսեցին բղավել՝ «ամոթ, ամոթ»:
Նշենք, որ Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը: