Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս ԲԴԽ-ն  հանդես է գալիս որպես դատարան

ՀՀ դատական դեպարտամենտի հաղորդագրությունից․

Վերջին շրջանում առանձին քաղաքացիներ, ինչպես նաև փաստաբաններ, դիմում են Բարձրագույն դատական խորհրդին՝ առանձին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու խնդրագրերով: Նման դիմումները վկայում են, որ օրենսդրության պահանջներին ոչ բոլորն են քաջատեղյակ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը, հանդիսանալով Բարձրագույն դատական խորհրդի կարևոր լիազորություններից մեկը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխում ամրագրված են դատավորի կարգապահական պատասխանատվության իրավակարգավորումները:

Սահմանելով դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը, վարույթ հարուցելու ժամկետները, առիթները, վարույթի ընթացակարգը`   Օրենսգրքի 145-րդ հոդվածով միաժամանակ նախատեսված է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի բացառապես երկու մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և պետական լիազոր մարմինը, որը եղել և շարունակում է հանդիսանալ  Արդարադատության նախարարը:

Օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանված է իրավասու սուբյեկտների կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու կարգը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը  հանդես է գալիս որպես դատարան: Ակնհայտ է, որ դատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին:

Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ անհրաժեշտ է դատավորի նկատմամբ  կարգապահական վարույթ հարուցելու հարցերով նախապես դիմել վերոնշյալ երկու մարմիններից մեկին: