Կահադավա Արաչչիգեն և ուրիշներն ընդդեմ Կիպրոսի

Դիմումատուները՝ Դոն Ուդիթա Նիրոշանա Կահադավա Արաչչիգեն, Դեհիվալագե Շեհան ֆերնանդոն և Դուշան Արունա Շանթի Բուդդա Կորալագեն, Շրի Լանկայի քաղաքացիներ են, ծնվել են համապատասխանաբար 1974, 1978 և 1980 թվականներին։ Առաջին Դիմումատուն բնակվում է Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում, երկրորդ Դիմումատուն բնակվում է Կոչչիկադե քաղաքում, իսկ երրորդ Դիմումատուն՝ Պաննիպիտիյա քաղաքում։ 2011 թվականի հունվարին Կիպրոսի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երեք Դիմումատուներին և տեղափոխել են նրանց նախնական կալանավայր՝ Շրի Լանկայից ժամանած մի խումբ զբոսաշրջիկների հետ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցած բախումներին մասնակցելու համար։ Այնուհետև, տեղի իշխանությունները երեք Դիմումատուներին Կիպրոսի տարածքից արտաքսելու մասին որոշում են կայացրել։

Դիմումատուներն ամբողջովին հերքել են տեղի ունեցած բախումներին իրենց մասնակցությունը։ Կիպրոսի իրավապահ մարմիններն առաջին և երկրորդ Դիմումատուներին պահել են նախնական կալանավայրում 5 օր, իսկ երրորդ Դիմումատուին՝ 7 օր։ Նախնական կալանավայրից ազատվելուց անմիջապես հետո Դիմումատուներն արտաքսվել են երկրից։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) 1-ին կետի խախտում և 4-րդ կետի խախտում: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 5-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթների համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է, Դիմումատուները բողոքել են նախքան երկրից արտաքսելն իրենց նախնական կալանավայրում պահելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում։ Դիմումատուներն իրենց պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց չեն ներկայացրել։