Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման

Hrachya HarutjunyanՄոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը մեղավոր է ճանաչել 2013 թ. հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ ուղևորատար ավտոբուսին բախված բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին և դատապարտել 6 տարի 9 ամսվա ազատազրկման: Ամբաստանյալը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 264 (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում) և 327 (Փաստաթղթերի կեղծում, կեղծ փաստաթղթերի պատրաստում  կամ վաճառք) հոդվածներով:

Ինչպես այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, դատարանի որոշմամբ դատապարտյալը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, Հարությունյանին նշանակվել է 1 տարվա ուղղիչ աշխատանքների կատարում: Նա նաև 3 տարով զրկվել է պատիժը կրելուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Ըստ կայացված դատավճռի` ամբողջովին ապացուցվել է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման մեջ:

Մասնավորապես, դատավճռում ասված է. «Հարությունյանը չգրանցված տրանսպորտային միջոցը վարել է տրանզիտային համարանիշերով` չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, ընտրելով ոչ անվտանգ արագություն, ուշադիր չի եղել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին»:

Դատարանը համարում է նաև, որ Հարությունյանը տեղյակ է եղել իր տրամադրության տակ եղած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի արգելակման համակարգի անսարքության մասին: «Ամբաստանյալը ակնհայտորեն իրեն դրել է այնպիսի պայմաններում, որոնց դեպքում չէր կարող ապահովել ավտոմեքենայի վերահսկողությունը, և վթարային իրավիճակ է ստեղծել, ինչը հանգեցրել է վթարի և զոհերի»,-ասված է դատավճռում:

Դատարանը չի քննել ՃՏՊ-ի արդյունքում զոհվածների և տուժածների հարազատների քաղաքացիական հայցն ընդդեմ Հարությունյանի` բարոյական և նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ: Դատավճռում ասվում է, որ դատապարտյալի կողմից բարոյական և նյութական վնասի փոխհատուցման հարցը պետք է վճռվի քաղաքացիական դատավարությամբ:

Հարությունյանի դեմ ներկայացված հայցով տուժողների իրավահաջորդները նրանից պահանջել էին 16 մլն ռուբլի գումար: Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, իր պաշտպանյալը տվյալ հայցը մասնակիորեն է ընդունել. մասնավորապես, ըստ Մարգարյանի, «նա համաձայն չէ դրանցում նշված գումարների չափի հարցում»: Ինչպես նշել է Հարությունյանը, նա չի կարող այդպիսի գումարներ վճարել: