«Ավենդի» ՍՊԸ-ն ընդդեմ Բուլղարիայի

Դիմումատու ընկերությունը՝ «Ավենդի» ՍՊԸ-ն, Բուլղարիայում գործունեություն ծավալող ընկերություն է, որը հիմնվել է ք․Սոֆիայում, զբաղվում է ալկոհոլային խմիչքների վաճառքով: Գործը վերաբերում է Ընկերության ներկայացրած բողոքին այն մասին, որ իշխանությունները չեն կատարել ներպետական դատարանի կողմից իր օգտին կայացված որոշումը։ Որոշման համաձայն, դատարանը կարգադրել է վերադարձնել Ընկերությանը պատկանող գույքը, որը քրեական դատավարության շրջանակներում առգրավվել էր որպես ապացույց։

2005 թվականի հունվարին Վառնա շրջանի ոստիկանությունը խուզարկություն է կատարել այն պահեստում, որտեղ պահպանվել են Դիմումատու ընկերությանը պատկանող ապրանքները: Խուզարկությունից հետո, ոստիկաններն առգրավել են Ընկերությանը պատկանող «Baileys» ապրանքանիշի 26.748 շիշ լիկյոր՝ ոմն Մ.Մ.-ի և Ս․Ս․-ի դեմ ընթացող քրեական գործով դատավարության շրջանակներում որպես ապացույց օգտագործելու համար: Վերջիններիս դեմ քրեական գործ է հարուցվել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն առանց պարտադիր ակցիզային դրոշմանիշի պահպանելու և այլ ապօրինի գործողությունների համար։ Հետագայում, նրանք արդարացվել են, և Վառնա շրջանի դատարանը կարգադրել է առգրավված գույքը (ապրանքը) վերադարձնել Ընկերությանը: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտել 2005 թվականի դեկտեմբերին։

Այնուամենայնիվ, քննչական և հարկային մարմինները չեն կատարել դատարանի որոշումը և չեն վերադարձրել առգրավված ապրանքը, քանի որ սպասել են Դիմումատու ընկերության առնչությամբ զուգահեռ ընթացող գործով դատավարության արդյունքներին։ Գործը վերաբերում էր պարտադիր ակցիզային դրոշմանիշերով ապրանքները առանց դրոշմանիշերի պահպանելու կասկածանքով և Դիմումատու ընկերությանը ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ապօրինի կերպով վաճառելու կասկածանքով մեկ այլ (ներմուծող) ընկերության դեմ ներկայացված բողոքին։ 

Ի վերջո, ապրանքները Դիմումատու ընկերությանը վերադարձվել են 2007 թվականի մարտին, և այդ ժամանակ դրանց պիտանելիության ժամկետն արդեն լրացած է եղել: Դիմումատու ընկերությունը Պետության դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ հարկային մարմինների՝ ապրանքը վերադարձնելուց հրաժարվելու մասին որոշումներն անվավեր ճանաչվեն։ Ընկերությունը պահանջել է նաև առգրավման երկար ժամկետի (2 տարի) արդյունքում իրեն պատճառված վնասի և ապրանքի վաճառքից ակնկալվող շահույթը կորցնելու դիմաց փոխհատուցում հատկացնել։ Այնուամենայնիվ, Ընկերության հայցը մերժվել է։ Ընկերությունը բազմիցս բողոքել է դատարանի որոշումը չիրագործելու և ապրանքը երկար ժամկետով պահելու հարկային մարմինների որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ 

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն)՝ Դիմումատու ընկերությունը բողոքել է, որ զրկվել է իրեն պատկանող գույքից և կրել է նյութական կորուստներ՝ իր օգտին կայացված դատական որոշման չիրագործման և հարկային մարմինների անհիմն և ապօրինի գործողությունների հետևանքով։

Դիմումատու ընկերությունը նշել է, որ վիճարկել է ապրանքները պահելու օրինականությունն այն ժամկետի մասով, երբ ուժի մեջ է մտել ներպետական դատարանի որոշումը։ Ընկերությունը պնդել է, որ այդ ժամանակահատվածում հարկային մարմինները չեն ձևակերպել ապրանքների առգրավումը որևէ ակտում։ Իսկ հարկային մարմինների կողմից կազմված արձանագրությունը չի կարող համարվել ապրանքների առգրավման մասին օրինական փաստաթուղթ, քանի որ դրա մեջ նշվել է միայն փաստաթղթերի, այլ ոչ թե շշերի առգրավման մասին: Ուստի, դատական որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, երրորդ անձանց դեմ հարուցված գործի շրջանակներում Ընկերությանը պատկանող գույքի առգրավման մասին օրինական կարգադրությունը բացակայել է։ 

Կառավարությունը դիրքորոշումներում պնդել է, որ ապրանքը պահվել է օրինական կերպով, և քննչական ու հարկային մարմինները գործողություններ են իրականացրել համաձայն գործող օրենսդրության: Կառավարությունը նշել է, որ առգրավման մասին կազմվել են օրինական զեկույցներ, որոնց համաձայն, ապրանքը պահվել է որպես ապացույց՝ այդ տարիներին մի քանի դատավարությունների շրջանակներում որպես ապացույց օգտագործելու նպատակով։ Ուստի, Կառավարությունը նշել է, որ պահպանվել է համաչափության ողջամիտ հարաբերությունը կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև։

ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատու ընկերության` իր օգտին կայացված վճիռն իրագործելու անկարողությունը միջամտել է գույքի անարգել օգտագործման իրավունքին։ Դատարանը պարզել է, որ Դիմումատու ընկերության կողմից գործունեություն ծավալելու ժամանակ ապօրինի գործողություններ և խախտումներ չեն հայտնաբերվել։ 

Դատարանը մատնանշել է Պատասխանող պետության կողմից Ըկերության գույքը տարբեր գործերի շրջանակներում որպես ապացույց օգտագործելու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը։ Դատարանը գտել է, որ Դիմումատու Ընկերությանը պատկանող գույքի առգրավումը դադարել է օրինական համարվել ներպետական դատարանի կայացրած որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից, այն է՝ 2005 թվականի դեկտեմբերից 7-ից։ Ուստի, այդ պահից մինչև 2007 թվականի մարտի 14-ը Ընկերության գույքը առգրավված պահելը հանգեցրել է Դիմումատու Ընկերության՝ գույքի անարգել օգտագործման իրավունքի իրացման նկատմամբ իշխանությունների ոչ իրավաչափ միջամտությանը։ 

ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը նշել է, որ սույն գործով հայտնաբերված խախտման արդյունքում նյութական վնասի հատուցման վերաբերյալ որոշումը դեռևս վերջնական չէ և ենթակա է քննարկման։ Ուստի, վնասի չափը որոշվելուց հետո, արդարացի բավարարման մասով վճիռը կհրապարակվի ավելի ուշ ժամկետում: Դատարանը խնդրել է կողմերին վճռի հրապարակման պահից երեք ամսվա ընթացքում վերոնշյալ հարցի մասին գրավոր դիտարկումներ ներկայացնել և տեղեկացնել Դատարանին ցանկացած համաձայնության մասին, որը կողմերը կարող են ձեռք բերել այդ հարցի շուրջ։