Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կառուցվածքը և գործունեությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում հիմնված միջազգային դատարան է։ Դատարանի դատավորների թիվը նույնն է, ինչ Կոնվենցիայի մասնակից պետությունների թիվը (47 դատավոր): 

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։ Եթե Դատարանը գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա վճիռ է կայացնում։ Վճիռները պարտադիր իրավական ուժ ունեն, և խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Դատարանը գործերի քննության հերթականությունն որոշելիս առաջնորդվում է բարձրացված խնդիրների կարևորությամբ և հրատապությամբ: Այսպիսով, բարդ և համակարգային խնդիր ներկայացնող գործերը քննվում են առաջնահերթության կարգով: Դատարանում ընթացակարգը հիմնականում գրավոր է, բայց ժամանակ առ ժամանակ առանձնահատուկ գործերով որոշում է անցակցնել հրապարակային լսումներ: Անհատ դիմողները կարող են իրենց դիմումներն անձնապես հանձնել, սակայն լսումների կամ դիմումի ընդունելիության պարագայում անհրաժեշտ է իրավաբանական ներկայացուցչություն: Նախատեսվում է նաև անվճար իրավաբանական աջակցության հնարավորություն այն դիմողների համար, ովքեր չունեն բավարար միջոցներ: 

Դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը, սակայն դիմումները կարող են հանձնվել անդամ երկրների պաշտոնական լեզուներից որևէ մեկով: Դիմումի ընդունելիության պարագայում պետք է կիրառվի Դատարանի պաշտոնական լեզուներից որևէ մեկը: Սակայն, Մեծ պալատի նախագահը կարող է որոշում կայացնել տվյալ գործի քննարկումը շարունակել դիմումի ներկայացման լեզվով: Կոնվենցիայում ամրագրված իրավունքների խախտման զոհ հանդիսացող յուրաքանչյուր պետություն կամ անհատ կարող է դիմում ներկայացնել անմիջապես Ստրասբուրգի դատարան: Այն պետք է վկայակոչի Կոնվենցիայով նախատեսված իրավունքների խախտում ԵԽ անդամ պետության կողմից։

Դատարանի դատավորներն ընտրվում են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից յուրաքանչյուր Պետության կողմից առաջարկված երեք թեկնածուների ցանկից: Նրանք ընտրվում են 6 տարի ժամկետով` առանց ժամկետի երկարացման: Լիակազմ Դատարանն ընտրում է իր Նախագահին, երկու տեղակալներին և երկու ստորաբաժանումների Նախագահներին՝ եռամյա ժամկետով:

Համաձայն դատարանի կանոնների, այն բաժանվում է չորս ստորաբաժանումների, որոնց ղեկավարում են ստորաբաժանումների նախագահները, որոնցից երկուսը նաև դատարանի Նախագահի տեղակալներն են։ Ստորաբաժանումների նախագահներին օգնում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փոխարինում են ստորաբաժանումների Նախագահների տեղակալները։

Յուրաքանչյուր ստորաբաժանում հիմնում է երեք դատավորներից կազմված Հանձնաժողովներ՝ մեկամյա ժամկետով: Յուրաքանչյուր ստորաբաժանման ներքո ստեղծվում է յոթ անդամներից կազմված Պալատ, ըստ որի ստորաբաժանման Նախագահը և Դատավորն ընտրվում են յուրաքանչյուր գործին առնչվող պետության համապատասխան: Ընդ որում, դատավորը ստորաբաժանման անդամ չէ, նա մասնակցում է որպես Պալատի ex oficio անդամ: Դատարանի Մեծ պալատը կազմված է 17 դատավորներից, նրա մեջ ընդգրկվում են Նախագահը, Նախագահի տեղակալները և ստորաբաժանումների Նախագահները` որպես ex oficio անդամներ:

Դատարանն ունի քարտուղարություն, որի գործառույթներն ու կազմակերպման ձևը սահմանվում են Դատարանի կանոններով: Քարտուղարությունը դատարանին իր դատական գործառույթներն իրականացնելիս տրամադրում է իրավաբանական և վարչական աջակցություն: Քարտուղարության կազմում են իրավաբաններ, վարչական և տեխնիկական հարցերով անձնակազմ, թարգմանիչներ: Ներկայումս քարտուղարության անձնակազմը կազմում է 640 մարդ, որոնցից 270-ը իրավաբաններ են և 370-ը աջակցող անձնակազմի անդամներ են: 

Պալատները որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ: Գործի քննարկմանը մասնակցած յուրաքանչյուր դատավոր լիազորված է դատավճռին կցելու որևէ առանձին կարծիք՝ համընկնող կամ տարակարծիք, կամ տարակարծության բաց հայտարարություն:

Դատարանի բոլոր վերջնական վճիռները պարտադիր են գործին առնչվող դատակիր Պետությունների համար: Դատավճռի կատարման վերահսկման համար պատասխանատու է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն։ Նախարարների կոմիտեն որոշում է, թե արդյոք Պետությունները, որոնց իրավասության ներքո հայտնաբերվել են Կոնվենցիայի խախտումներ, ձեռնարկել են բավարար մեղմացնող միջոցներ՝ Դատարանի կայացրած հատուկ կամ ընդհանուր վճիռները կատարելու համար։

Նախարարների կոմիտեի խնդրանքով Դատարանը կարող է տալ խորհրդատվական կարծիքներ իրավական հարցերում՝ կապված Կոնվենցիայի և Արձանագրությունների մեկնաբանությունների հետ: Խորհրդատվական կարծիքները տրվում են Մեծ պալատի կողմից և ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Յուրաքանչյուր դատավոր կարող է խորհրդատվական կարծիքին կցել առանձին կարծիք կամ տարակարծության բաց հայտարարություն:

Տարեկան ավելի քան 50,000 նոր գանգատ է ներկայացվում Դատարան: Դատարանի կայացրած որոշ վճիռների ազդեցությունը և մասնակից պետությունների քաղաքացիների շրջանում Դատարանի աճող եղինակությունն էապես ազդում է ամեն տարի ներկայացվող գանգատների քանակի վրա:

Դատարանի կողմից արձանագրված խախտումների 58%-ը վերաբերում են կամ Կոնվենցիայի 6-րդ հոդվածին (արդար դատաքննության իրավունք) կամ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին (սեփականության պաշտպանություն): Ուսումնասիրված գործերի մոտ 11 % -ի դեպքում Դատարանն արձանագրում է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների լուրջ խախտում (կյանքի իրավունք և խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում):