Կանանց նկատմամաբ ընտանեկան բռնության դրսևորումը ամենատարածվածն է, սակայն ընտանեկան բռնություն կիրառվում է նաև ընտանիքի այլ անդամների կողմից, այլ անդամների նկատմամաբ:
2016 թվականին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 5.,000 ահազանգ իսկ 2017 թվականի մինչև հունիսի 1-ը Երևանում արդեն ստացվել են 773 ահազանգ և 267 այց կանանց ճգնաժամային կենտրոն: Իսկ մարզային կենտրոններում ստացվել է 1031 ահազանգ և 563 այց: Այս մասին հայտնեց «Կանանց իրավունքների կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Քրիստինա Պետրոսյանը:
Ըստ նրա օրենսդրության բացերի պատճառով Հայաստանում ՀԿ-ները շարունակում են աշխատել բազմաթիվ խոչընդոտների և խնդիրների բախվելով:
«Խնդիրներից առաջինն այն է, որ բռնության ենթարկված կնոջ ահազանգից հետո ոստիկանության ներկայացուցիչները այցելում են դեպքի վայր և վերցնում են միայն ստորագրություն բռնարարից, ինչը փաստացի ոչ մի պաշտպանություն չի ապահովում կնոջը և բռնարարի համար ոչ մի պատիժ չի համարվում»:
Քրիստինա Պետրոսանը հայտնեց, որ շատ են այն դեպքերը, երբ ոստիկանությունը լքում է դեպքի վայրը, և կինը ամուսնու կողմից ենթարկվում է ավելի ծանր բռնության: Եղել են նաև դեպքեր, երբ կինը ստիպված է եղել փախչել տանից և հայտնվել է ոստիկանությունում, որից հետո ոստիկանները զանգահարել են հասարակական կազմակերպություններին` կնոջ համար ապաստարան փնտրելու նպատակով: Բանախոսը նաև հայտնեց, որ իրենց կազմակերպություն դիմողների թիվը վերջին տարիների համեմամտ աճել է. «Դա կարող է ոչ թե կապված լինել դեպքերի ավելացման հետ, այլ կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացման հետ»:
Իսկ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը անդրադարձավ ամուսնու կողմից պարբերաբար բռնության ենթարկված Թագուհի Մանսուրյանի դեպքին, երբ 1 տարի առաջ ամուսինը կացինով հարձակվել էր նրա ընտանիքի վրա, ինչի արդյունքում սպանվել էր կնոջ մայրը:
«Թագուհու դեպքը ցույց տվեց, թե ինչքան անկատար և թերի է մեր համակարգը կնոջը պաշտպանելու, ամբողջ ընտանիքը պաշտպանելու, մարդկային կյանքը պաշտպանելու առումներով»,- ասում է Ա․ Սիմոնյանը:
Անահիտ Սիմոնյանը նշեց, որ նախքան դեպքի տեղի ունենալը Թագուհին բազմիցս դիմել է ոստիկանությանը, և պետությունը լիովին տեղյակ լինելով, որ կա կյանքին իրական սպառնացող վտանգ, որևէ էֆեկտիվ գործողություն չի կատարել: Փաստացի ոստիկանությունը ուներ Թագուհուն և իր ընտանիքին պաշտպանելու բոլոր հնարավորությունները: Եթե լիներ ընտանեկան բռնությունը կանխարգելող և քրեականացնող մեխանիզմ, ապա ընտանեկան բռնությունը կդիտարկվեր իբրև ծանրացուցիչ հանգամանք քրեական օրենսդրության շրջանակներում, ինչի դեպքում մեղմացուցիչ հանգամանքներ և պայմանականորեն դատապարտման մասին խոսք գնալ չէր կարող:
«Փաստացիորեն, եթե մենք ունենայինք օրենսդրություն Թագուհու նախկին ամուսինը դեպքի կատարման ժամանակ պատիժ կկրեր և չէր լինի ազատության մեջ»,- վերջում Անահիտ Սիմոնյանը հավելեց նաև, որ գործը գտնվում է դատական քննության փուլում:
«Այս տարի ունեցել ենք 4 սպանության դեպք ընտանեկան բռնության, իսկ անցած տարի սպանությունների թիվը 11-ն էր»,- այս մասին ասաց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիդա Մինասյանը, որը հայտնեց, որ շատ կարևոր է ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը:
«Պետությունն այս պահին ունի ընտանեկան բռնության օրենք ընդունելու պարտավորություն, որը կունենա կանխարգելիչ կոմպոնենտ և աջակցություն ու պաշտպանություն տրամադրելու կոմպոնենտ»:
Ըստ նրա ընտանեկան բռնության մասին օրենքը շատ կարևոր է, որ քրեականացնի հենց ընտանեկան բռնությունը:
«Մենք արդեն մի քանի անգամ նման առաջարկություն արել ենք կառավարությանը: Ինչն էլ լրացուցիչ ծանրացնող հանգամանք կսահմանի այն հանցագործությունների պարագայում, երբ նաև տեղի է ունեցել ընտանեկան բռնություն: Բացի այդ, երբ կինը ետ է վերցնում բողոքը, գործը կարճվում է, իսկ եթե ընտանեկան բռնությունը քրեականացվի, ապա քրեական հետապնդում կիրականացվի անկախ նրանից՝ կինն իր բողոքը ետ է վերցրել, թե ոչ»:
Վերջում Լիդա Մինասյանն ասաց, որ ընտանեկան բռնությունը չի իրականացվում միայն ընտանիքի ներսում, լինում են դեպքեր, երբ բռնություն է կատարվում զուգընկերոջ կողմից, ինչը ևս պետք է համարվի ընտանեկան բռնություն:
Նյութը՝ Ելենա Արամյանի