ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել միգրանտների և փախստականների երեխաներին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը կոչ է արել հարգանք ցուցաբերել փախստականների և միգրանտների նկատմամբ, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան վերաբերմունք դրսևորել նրանց հանդեպ և չբաժանել փախստականների և միգրանտների երեխաներին ծնողներից։

Ընտանեկան ամբողջականությունը հարգելու և երեխաների շահերը պաշտպանելու կոչը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդիի կողմից հնչել է, մասնավորապես, ԱՄՆ իշխանությունների հասցեին։

ՄԱԿ-ի գլխավոր պաշտոնակատար անձի մամուլի քարտուղարը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ պետք է հարգել միգրանտների և փախստականների իրավունքները:

«Որևէ մեկն իրավունք չունի հոգեբանական վնաս հասցնել երեխաներին՝ բաժանելով նրանց ծնողներից», – կարծում է Անտոնիու Գուտերրիշը:

Նա հավելել է, որ պետք է պահպանել ընտանիքի ամբողջականությունն ու անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը։ Այս դիրքորոշումը կիսել է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին: Ի տարբերություն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հնչեցրած կարծիքի՝ նա անմիջապես դիմել է ԱՄՆ իշխանություններին։ Վերջիններս ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը վերահսկելու համար նախաձեռնած գործողությունների շրջանակներում իրականացնում են ներգաղթած ընտանիքներից երեխաներին առանձնացնելու քաղաքականությունը։

«Երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար գոյություն ունեն բազմաթիվ այլընտրանքային ուղիներ։ Իշխանությունները կարող են լուծել երկրի սահմաններին վերաբերող խնդիրները՝ չբաժանելով զավակներին իրենց ծնողներից և չմասնատելով ընտանիքները», – հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին։ Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը պատրաստակամություն է հայտնել օգնելու ԱՄՆ իշխանություններին՝ վերոհիշյալ հարցին անվտանգ այլընտրանքային լուծում գտնելու հարցում:

Հարավային Ամերիկայից շատ ընտանիքներ ստիպված են լքել իրենց տները և ապաստան փնտրել տարածաշրջանի այլ երկրներում: Նրանք փախչում են իրենց երեխաներին զինված խմբերի մեջ հավաքագրելու վախից, ֆիզիկական բռնության, բռնաբարության և առևանգման դեպքերից:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում երկրների կառավարություններին համագործակցել` Հարավային Ամերիկայից բնակչության արտահոսքի պատճառները վերացնելու, այն դադարեցնելու և այդ երկրների տարածքում միգրանտների և փախստականների համար անվտանգ կյանքի պայմաններ ապահովելու համար։