«Սասնա ծռեր»-ի դատական գործով պաշտպանները լքեցին նիստերի դահլիճը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ «Սասնա ծռերի» 14 անդամների գործով դատավարությունը։ Նիստն անցավ բավականին թեժ մտնոլորտում և մի քանի անգամ ընդմիջվեց: Դատարանն առաջին ընդմիջման որոշում կայացրեց, որպեսզի ապահովվի բացակա պաշտպանների ներկայությունը:  

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը դիմում է ներկայացրել դատարան, որ մեկ ուրիշ դատական նիստի պատճառով չի կարող ներկայանալ այս նիստին: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստեց, որ արդեն 5-րդ անգամ է, ինչ Հայկ Ալումյանը չի ներկայանում դատական նիստին.

«Երեք անգամ նիստերին չներկայանալու դեպքում դատարանը իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել ընտրելու այլ պաշտպան, իսկ հրաժարվելու դեպքում նշանակել այլ պաշտպան»,-առաջարկեց դատավորը:

Սմբատ Բարսեղյանը մերժեց նոր պաշտպան ունենալու դատարանի առաջարկը և  դատարանին դիմեց, որպեսզի դատական նիստը շարունակվի առանց իր պաշտպանի:

Նշենք, որ ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը գտնվում էր դատարանի տարածքում, սակայն հրաժարվել էր, որպեսզի կարգադրիչները իրեն զննեն, ինչի արդյունքում չէր կարողանում ներկա գտնվել դատավարությանը:

Հերթականան ընդմիջումից հետո՝ դատավորը ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանի, Արմեն Լամբարյանի և Աշոտ Պետրոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանի և Արեգ Կյուրեղյանի ու Վարուժան Ավետիսյանի  պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվեց՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:  Կայացրած որոշմանը պաշտպանները բացասաբար անձագանքեցին, նշելով, որ դատավորի կողմից անօրինական գործողություններ է կիրառվում.

«Այնպիսի տպավորություն է, որ փորձում եք դատարանի դահլիճից հեռացնել բոլոր պաշտպաններին» ,- տեղից արձագանքեց պաշտպան Հարություն Բարսեղյանը, որին  ի պատասխան դատավոր Գաբրիելյանը նախազգուշական սանկցիա կիրառեց, փորձելով լռեցնել աղնուկը: Դատարանը նախազգուշական սանկցիա կիրառեց նաև պաշտպաններ Տիգրան Հայրապետյանի և Հարություն Գևորգյանի նկատմամբ:

Առաջացած իրավիճակից հետո դատավորը անժամկետ ընդմիջում հայտարարելով գնաց խորհրդակցական սենյակ, որպեսզի փաստաբան Հարություն Բարսեղյանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնի:

 Ավելի քան մեկ ժամ տևած ընդմիջումից հետո՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը կարգապահական սանկցիաի կիրառման որոշում կայացրեց նաև փաստաբան Հարություն Բարսեղյանի նկատմամբ:

Հարություն Բարսեղյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումից հետո, փաստաբանները հանդես եկան հայտարարությամբ, նշելով, որ  առանց պաշտպանների կարծիքը հարցնելու և խորհրդակցական սենյակ հեռանալու դատավորը դատական սանկցիաներ կիրառեց: Դիմումում մասնավորապես ասվում է.

«19.07.2017թ. դատական նիստում նախագահող դատավորը կարգադրիչների զեկուցագրի հիման վրա դատական ակտ կայացրեց: Առանց պաշտպանների կարծիքը հաշվի առնելու և առանց խորհրդակցական սենյակ հեռանալու՝ նախագահողը սանկցիա կիրառեց մեր գործընկերների նկատմամբ:

 Որոշումները հրապարակելուց հետո դատարանը արգելեց իր գործողությունների վերաբերյալ առարկություններ ներկայացնել, ներկայացնում էր լռելու ապօրինի պահանջ և այս ապօրինի պահանջին չենթարկվելու համար երեք պաշտպանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց` նախազգուշացում, և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպան Հարություն Բաղդասարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու: Բացի այդ, չնայած լրացել է ամբաստանյալների նկատմամբ ապօրինի կիրառված սանկցիայի ժամանակը, նրանց, միևնույն է, չեն ներկայացնում նիստերի դահլիճ: Նման պայմաններում դատական նիստին մեր մասնակցությունը դառնում է ինքնանպատակ, ձևական, հակասում է մեր պաշտպանյալների շահերին, իսկ արդարադատությունը կոպիտ կերպով ոտնահարվում է:

Հեռանալով դատարանից` միջնորդում ենք հետագա դատական նիստերին ապահովել դատավարության բոլոր մասնակիցների իրավունքները եւ դադարեցնել վերը նշված ապօրինությունները:

Սույն հայտարարությունը ստորագրել են փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Արա Ղարագյոզյանը, Երվանդ Վարոսյանը, Արմինե Ֆանյանը, Դավիթ Գյուրջյանը, Աննա Ջուվանովան, Հրանտ Գևորգյանը, Հարություն Բաղդասարյանը, Ինեսա Պետրոսյանը»:

Բոլոր փաստաբանների կոմից ստորագրված դիմումն ընթերցեց Ինեսսա Պետրոսյանը, որից հետո պաշտպանները հրապարակային լքեցին նիստերի դահլիճը, այս քայլին հետևեցին նաև նիստին ներկա քաղաքացիները:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ փաստաբան Հարություն Բարսեղյանը նշեց, որ չի կարելի մեկ նիստի ընթացքում մի քանի անգամ հեռանալ խորհրդակցական սենյակ, դատական նիստը դրանով անհարգի ձգձգել.

«Մենք գտնում ենք, որ դատարանը պարզապես չի տիրապետում բուն դատավարական գործողություններին: Ենթադրվում է, որ դատարանը ունի լուրջ ազդեցություն իշխանության կողմից»:

 Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի