Մեծ պալատը օրինական է համարել 2003 թ. բրիտանացիների կողմից իրաքցու ձերբակալությունը

europea_court_of_human_rights_bigECHR 260 (2014)
16.09.2014 
Հասանն ընդեմ Մեծ Բրիտանիայի (գանգատ թիվ 29750/09)

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը հիմնավորված և օրինական է համարել բրիտանական զինվորականների կողմից 2003 թ. Իրաքի քաղաքացի Թարեկ Հասանի ձերբակալությունը և ռազմական ճամբարում կալանքի տակ պահելը:

Դիմումը ներկայացվել էր Թարեքի եղբոր՝ Խադիմի կողմից, որն այժմ բնակվում է Սիրիայում: Նախքան դաշնակիցների` 2003թ. Իրաք ներխուժումը, դիմումատուն աշխատել է այն ժամանակ իշխող Բաաս կուսակցության ազգային քարտուղարությունում` որպես գլխավոր կառավարիչ: Խադիմ Հասանը նաև Սադամ Հուսեյնի գլխավորած կուսակցության մասնավոր բանակի գեներալ է եղել:  

2003թ.` Բասրա քաղաքը գրավելուց հետո, բրիտանական զինված ուժերը սկսել են ձերբակալել Բաաս կուսակցության բարձրաստիճան անդամներին: Դիմումատուի խոսքով` ողջ այդ ընթացքում նա թաքնվել է, իսկ 2003 թ. ապրիլին զինվորականները եկել են նրա տուն և ձերբակալել իր եղբորը՝ Թարեկին և ընտանիքի մյուս անդամներին հայտարարել են, որ վերջինիս իբրև պատանդ են տանում և որ նրան ազատ կարձակեն այն ժամանակ, երբ Խադիմը կհանձնվի:

Ըստ դատական արձանագրությունների` բրիտանական իշխանությունները Թարեկի ձերբակալությունն օրինական են ճանաչել, ընդ որում մերժել են նրան պատանդի կարգավիճակ տալու միջնորդությունը` հայտարարելով, թե նա, համաձայն Ժնևի երրորդ կոնվենցիայի, կասկածյալ ռազմագերի է` մինչև կարգավիճակի որոշումը: Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ պաշտոնյաների պնդման համաձայն, նրան հարցաքննելուց հետո ազատ են արձակել 2003 թ. մայիսին:

Դիմումատուն նշում է, որ իր եղբայրը ազատ արձակվելուց հետո չի կապվել իր հարազատների հետ, այնուհետև նրա մարմինը բազմաթիվ հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է 2003 թ. սեպտեմբերին: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները նշել են, որ չկան այնպիսի ապացույցներ, որոնք կփաստեին նրանց կապը սպանության հետ և հավելել են, որ դիակը հայտնաբերվել է Բրիտանիայի կողմից հսկվող տարածքից դուրս:

2007 թ. պրն Հասանը վարչական վարույթ է սկսել Բրիտանիայի  դեմ, խնդրելով ճանաչել, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում: Նա պահանջել է, որ կառավարությունը իր եղբոր մահվան կապակցությամբ հետաքննություն իրականացնի և տրամադրի փոխհատուցում: Դիմումը մերժվել է, երբ պարզվել է, որ տվյալ ռազմաբազան առավելապես ԱՄՆ-ի ենթակայության տակ է, իսկ Մեծ Բրիտանիան այնտեղ համապատասխան իրավազորություն չունի:

Այնուհետև դիմումատուն 2009 թ. հունիսին դիմել է ՄԻԵԴ: Նա բողոքել է, որ իր եղբայրը Իրաքում ձերբակալվել և ազատազրկվել է բրիտանական զինված ուժերի կողմից, այնուհետև անհայտ հանգամանքներում հայտնաբերվել է մահացած: Նրա բողոքը հիմնված է եղել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի (անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք) 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, ինչպես նաև 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածների վրա: Նա պնդել է, որ իր եղբոր ձերբակալությունը և ազատազրկումը եղել են կամայական և անօրինական, ինչպես նաև խախտվել են իրավունքների ինքնապաշտպանության ընթացակարգերը: Նա նաև բողոքել է, որ բրիտանական պաշտոնյաները ձախողել են իր եղբոր սպանության գործով արդյունավետ հետաքննությունը:

Մեծ պալատը հայտարարել է, որ պրն Թարեկը 2003թ. ապրիլից հետո պահվել է բրիտանական իրավասության ներքո գտնվող տարածքում` մինչև 2003 թ. մայիսին ռազմակայանից բաց թողնվելը: Այդուհանդերձ, Դատարանն վճռել է, որ տվյալ գործով առկա չի եղել 5-րդ հոդվածի խախտումներ և 2-րդ ու 3-րդ հոդվածների մասով գանգատն անընդունելի է համարել` ապացույցների բացակայության հիմքով: