ՄԻԵԴ-ը Կարեն Պետրոսյանի դին հանձնելու հարցով դիմել է Ադրբեջանին

Karen-Petrosyan2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված` Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով  խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը` Կ. Պետրոսյանի դին անհապաղ և անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:  Այս մասին տեղեկանում ենք «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունից: 

Ինչպես հայտնել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն, սեպտեմբերի 12-ին ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարությանը խնդրել է մինչև սեպտեմբերի 26-ը բացատրություններ ներկայացնել «Կարեն Պետրոսյանի մարմնի վերադարձման հարցի առնչությամբ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման և դին ընտանիքին վերադարձնելու ձգձգումների պատճառների մասին»: 

«Հանգուցյալի դին առանց նախապայմանի վերադարձնելը Միջազգային իրավունքի հրամայական է: Այս անօրինական ձգձգումն ավելի է խորացնում տառապանքը, որին արդեն իսկ ենթարկվում է անմեղ քաղաքացու ընտանիքը»,- ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, աշխատանքային խմբի անդամ Լարիսա Ալավերդյանը:

«Պահանջը ներկայացվել է Պետրոսյան ընտանիքի անդամների ընտանեկան և անձնական կյանքի իրավունքի անդառնալի և շարունակական խախտումը կանխելու նպատակով»,- ասել է աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Վահե Գրիգորյանը:

Պետրոսյան ընտանիքի շահերը ներպետական վարույթներում և ՄԻԵԴ-ում ներկայացնելու նպատակով աշխատանքային խմբում ներգրավվել են մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտի փորձագետներ: Պետրոսյանի ընտանիքը ՄԻԵԴ-ում ներկայացնում են մարդու իրավունքների ոլորտի իրավաբաններ Քրիստինա Գևորգյանը, Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը, ինչպես նաև իրավապաշտպաններ Լարիսա Ալավերդյանը և Արտակ Զեյնալյանը:  

Կ. Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա, սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Ադրբեջանի իշխանությունները լրատվամիջոցներին տրամադրել էին ցնցող պատկերներ, թե ինչպես են դիմակավոր զինվորները նրան քարշ տալով տանում և բիրտ ուժի գործադրմամբ նրան պարտադրում ներում հայցել Ադրբեջանի նախագահից: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»:  Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված` Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:

Հակառակ ԱՄՆ, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեի կոչերին և հորդորներին, Ադրբեջանը Պետրոսյանի դին դեռ չի վերադարձրել  հարազատներին: