Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարում հետաձգվեց կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ պաշտպան Հովհաննես Սարգսյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, քանի որ վերջինիս պաշտպանյալը` Վարազդատ Սաֆարյանը, հրաժարվել է իրենից: Ամբաստանյալի խոսքերով պաշտպանից հրաժարվելու ոչ մի պատճառ չի եղել, պարզապես ինքը չի ցանկանում, որպեսզի Սարգսյանը այլևս պաշտպանի իր շահերը․
«Ոչ մի խնդիր չի եղել, պարզապես համաձայնության չենք եկել, այդ պատճառով հրաժարվել եմ նրանից»,- նիստի ժամանակ ասաց Վարազդատ Սաֆարյանը:
Նա նաև դատարանին հայտնեց, որ հրաժարվել է իր մյուս պաշտպանից ևս, և այսուհետ իր շահերը կպաշտպանի միայն Ազատ Շահբազյանը, իսկ Հովհաննես Սարգսյանը և Ինգա Ավագյանը այլևս չեն զբաղվի իր գործով: Դատավորի այն հարցին, թե ինչո՞ւ պաշտպանները չեն ներկայացել դատական նիստին, ամբաստանյալը պատասխանեց, որ տեղեկություն չունի: Նա դատարանից խնդրեց 5 րոպե հարցը կարգավորելու և պաշտպանին զանգահարելու համար:
Դատավորը հայտարարեց 5 րոպեանոց ընդմիջում, որից հետո Վարազդատ Սաֆարյանը հայտնեց, որ իր պաշտպանը այս պահին մեկ այլ դատական նիստի է և չի կարող այսօր ներկայանալ դատարան: Վերջինս ևս հայտնել է, որ տեղեկություն չունի, թե որտեղ են գտնվում մյուս պաշտպանները և ինչու չեն ներկայացել նիստին:
Դատավոր Դավիթ Հարությունյանը որոշեց հետաձգել նիստը, քանի որ պաշտպանների բացակայությունը խոչընդոտում է դատական նիստը շարունակելուն:
«Պաշտպանները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում դատական նիստի նկատմամբ և մյուս նիստին դատարանը կանդրադառնա պաշտպանների վարքագծին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ նիստը սկսվեց 25 րոպե ուշացումով` դատարանի տեխնիկական կարգավորումների պատճառով: Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 17-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Նյութը՝ Ելենա Արամյանի