Մեղադրական ճառից հետո նիստը մեկ ամսով հետաձգվեց

               Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվում էր քննվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նախկին պաշոնատար անձ՝ Էմիլ Սիմոնյանի դատական գործը, դատավոր՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

     Էմիլ Սիմոնյանին մեղադրվանք է առաջադրվել առ այն, որ նա 2003թ-ից աշխատելով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, իրականացնելով պետական հատուկ ծառայություն և հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պատշաճ կարգով չի կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի իրավունքներին, օրինական շահերին և պետության օրինական շահերին:

            Այսօր դատարանում լսվեց մեղադրող կողմի՝ դատախազի, մեղադրական ճառը, որի ավարտից հետո, պաշտպանական կողմը ներկայացնող, փաստաբան Երվանդ Վարոսյանը դատարանից խնդրեց բավականին ժամանակ տրամադրել իրեն, որպեսզի պատշաճ պաշտպանական ճառ պատրաստի, քանի որ, ըստ պաշտպանի, դատախազի ներկայացրած ճառի մեջ շատ հակասական տողեր կան, որի հստակ պատասխանը կարող է տալ միայն նախապատրաստվելուց հետո:

            Դատավոր Մակյանը բավարարեց պաշտպան Վարոսյանի միջնորդությունը և հետաձգեց գործի վարույթը՝ երկարաձգելով մինչև օգոստոսի 28-ը, քանի որ պաշտպանը, դատախազը և ինքը՝ դատավորը, գտնվելու են արձակուրդի մեջ:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի