Դատական գործ. երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն ընդդեմ Արամ Անտինյանի

VerdictՀոկտեմբերի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, անցկացվեց նախնական դատական նիստ` ըստ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ «BlogNews.am» կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, ներողության և պատասխանի հրապարակման պահանջի մասին:

Հիշեցնենք, որ տվյալ գործով առաջին դատական նիստը կայացել էր ս.թ. սեպտեմբերի 11-ին:

Երեկ կայացած նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչ Սյուզաննա Գարեգինյանը նախ փաստարկներ ներկայացրեց՝ հիմնավորելու համար, թե ինչու է հայցը ներկայացվել «BlogNews.am» կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի՝ որպես ֆիզիկական անձի դեմ: Փաստաբան Գարեգինյանի ներկայացմամբ՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում «BlogNews.am» կայքը որպես իրավաբանական անձ գրանցված չէ, այդ պատճառով հայցը ներկայացվել է Արամ Անտինյանի՝ որպես տվյալ կայքի «դեմքի» դեմ: 

Հայցվոր կողմի ներկայացուցիչը նշեց, որ Լիլիթ Հովհաննիսյանի կողմից «BlogNews.am»-ի խմբագրի, ինչպես նաև Արամ Անտինյանի էլեկտրոնային փոստի հասցեներին ուղարկվել է նամակ՝ մայիսի 14-ին վերոհիշյալ կայքում տեղ գտած հրապարակման հերքման պահանջի մասին:

Պատասխանող կողմի ներկայացուցիչ փաստաբան Արամ Մելքոնյանը առարկեց հայցվորի ներկայացուցչի ներկայացրած ապացույցների վերաբերյալ՝ կարծիք հայտնելով, որ դրանք գործին վերաբերելի չեն:

Պատասխանող կողմի ներկայացուցիչը նշեց, որ Լիլիթ Հովհաննիսյանը «armlur.am» կայքին տված հարցազրույց-տեսանյութում հավաստում է, որ պատասխան նամակում Արամ Անտինյանը պատրաստակամություն է հայտնել տպագրել իր պատասխանը: Փաստաբան Մելքոնյանի կարծիքով՝ տվյալ դեպքում կողմերի միջև հաշտության հիմքեր կան: Պատասխանողի ներկայացուցիչը նաև միջնորդություն ներկայացրեց դատարան հրավիրելու հայցվորին՝ ցուցմունք տալու համար:

Սակայն դատարանը չբավարարեց պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը՝ նշելով, որ այն բավարար չէ, որպեսզի հայցվորին հրավիրի դատարան, քանի որ վերոհիշյալ տեսանյութը դուրս է հայցի շրջանակներից:

Փաստաբան Արամ Մելքոնյանը նշեց, որ անհրաժեշտ է պարզել՝ արդյոք վերոհիշյալ հրապարակման մեջ առկա տեղեկությունը (օբյեկտիվորեն) արատավորող է, թե որպես այդպիսին է ընկալում հայցվորը: Արտահայտությունները տարանջատելու, դրանց զրպարտչական կամ վիրավորական լինելու ապացուցման բեռը կրում է հայցվորը: Վիրավորական արտահայտության՝ անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ հետապնդելու, կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունեցած լինելու ապացուցման բեռը ևս կրում հայցվորը: Վերոգրյալ երկու հատկանիշների միաժամանակյա առկայությունը պարտադիր է, որպեսզի պատասխանողի համար ծագի իր կողմից ապացուցման ենթակա փաստերի ապացուցման պարտականությունը:

Պատասխանողի ներկայացուցիչը նշեց նաև, որ համապատասխան օրենսդրական կարգավորում չկա, որպեսզի դատարանը պարտադրի կայքից հեռացնել վիճարկվող նյութը՝ ավելացնելով, որ պատասխանողը պատրաստ է բավարարել հայցվորի պահանջը՝  հրապարակելով նրա ներկայացրած պատասխանը, սակայն պատրաստ չէ ներողություն խնդրել, քանի որ ի սկզբանե չի ունեցել որևէ դիտավորություն՝ վիրավորելու հայցվորի պատիվն ու արժանապատվությունը:

Հայցվորի ներկայացուցիչը, առարկելով, նշեց, որ եթե վիրավորական արտահայտություններ պարունակող նյութը շարունակում է մնալ հրապարակված համացանցում, ապա անձի արժանապատվության իրավունքը, անկախ այն հանգամանքից, որ դրա խախտման փաստը ճանաչվել է, և վիրավորողը ենթարկվել է քաղաքացիական պատասխանատվության, շարունակում է խախտվել, քանի որ անձի վիրավորանքը չի փարատվում, ինչպես նաև, անարդյունավետ են դառնում պաշտպանության մյուս միջոցները, հատկապես այն պարագայում, որ նյութը հրապարակված է առցանց լրատվական կայքում:

Հայցվորի ներկայացուցիչ փաստաբան Սյուզաննա Գարեգինյանը նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչպես նաև, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ մասը որպես իրավական պաշտպանության միջոց չեն սահմանում անձի՝ լրատվական նյութը հեռացնելու պահանջ ներկայացնելու իրավունք, այնուամենայնիվ, այդ իրավունքը բխում և երաշխավորվում է Սահմանադրությամբ, մասնավորապես՝ Սահմանդրության 23-րդ հոդվածով սահմանված է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր մասին ոչ հավաստի տեղեկությունների շտկման և իր մասին ապօրինի ձեռք բերված տեղեկությունների վերացման իրավունք»:

Ելնելով վերոգրյալից՝ հայցվորի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ մասի և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի սահմանադրականության հարցով, այնքանով, որքանով որ դրանք չեն նախատեսում համացանցում, մասնավորապես, առցանց լրատվական կայքերում հրապարակված նյութը հեռացնելու անձի պահանջի իրավունքը՝ որպես արժանապատվության պաշտպանության միջոց:

Հայցվորի ներկայացուցչի միջնորդությանը ծանոթանալու համար անհրաժեշտ ժամանակով պայմանավորված՝ դատարանը որոշեց նշանակել ևս մեկ նախնական դատական նիստ, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ ժամը 11.30-ին: