Դիվերսանտ Շահբազ Գուլիևը չի մեղադրվում Սմբատ Ցականյանի սպանության մեջ

DiversantnerԱյսօր ԼՂՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է այս տարվա հուլիսին ԼՂՀ պետական սահմանը Շահումյանի շրջանում՝ Քարվաճառի ուղղությամբ,  ապօրինաբար հատած ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի և Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի դատավարությունը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ, ինչպես նշել է ամբաստանյալ Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի շահերի պաշտպան Արկադի Իսրայելյանը, ի տարբերություն Դիլհամ Ասկերովի, Գուլիևը չի մեղադրվում անչափահաս  Սմբատ Ցականյանի սպանության մեջ:

Ըստ Իսրայելյանի, բոլոր դատական գործողությունները կատարվում են օրենքի շրջանակներում, պաշտպանի ներկայությամբ։ Դատապաշտպանը տեղեկացրել է նաև, որ ամբաստանյալ Գուլիևը մեղադրվում է 6 հոդվածներով։ 

Նշենք, որ գործով մեղադրյալներ՝ Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքով նախատեսված 316-րդ հոդվածով (լրտեսությունը), 350-րդ հոդվածի 2-րդ մասով (առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը), ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով (կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը), 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից), Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով) և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ):