Առաջին սանիտարական անձնագրերը տրամադրվել են թռչնամիս ներմուծող ՍՊԸ-ի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն օգոստոսի 1-ին առաջին սանիտարական անձնագրերն է տրամադրել թռչնամիս ներմուծող և ողջ հանրապետությունում տարածող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ի 5 փոխադրամիջոցների:

Ծառայություն դիմած ընկերության փոխադրամիջոցներն անցել են համապատասխան ստուգում, ունեն մասնագիտական եզրակացություն և բավարարում են սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված բոլոր պահանջները:

Ըստ սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրի տրամադրման կարգով սահմանված ժամանակացույցի, սկսած 2017թ. սեպտեմբերի 1-ից սանիտարական անձնագրերի պահանջը առաջնահերթ սկսում է գործել հաց-հացաբուլկեղեն և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար: Ու թեև սննդամթերքի այլ ոլորտներում կարգը գործողության մեջ է դրվում միայն 2020 թվականի հուլիսի 1-ից, թռչնամիս տեղափոխող «Սարատովի թռչնակոմբինատ Կուռնիկով» ՍՊԸ-ն ցանկություն է հայտնել սանիտարական փոխադրամիջոցների սանիտարական անձնագրերը ստանալ արդեն այսօր:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 1-ից պետական գնումների շրջանակներում հաց և միս ձեռք բերող կազմակերպությունները, ինչպես նաև Երևանի հանրային սննդի կազմակերպման օբեկտները, իսկ նոյեմբերի 1-ից՝ նաև առևտրի իրականացման վայրերը, պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:

2018 թվականի ապրիլի 1-ից իրավական այս նորմը պարտադիր կլինի հանրապետության բոլոր մարզերի համար:

Տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության «Թեժ գծին»՝ 206040 հեռախոսահամարով:

Նյութը՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքից

Մեկնաբանություններ