Կովալենկոն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության

Դիմումատուն՝ Դմիտրի Կովալենկոն, ազգությամբ մոլդովացի է, ծնվել է 1983 թվականին, բնակվում է Քիշնևում: Գործը վերաբերում է Գերագույն դատարանի կողմից երկու վճիռների բեկանմանը, որոնք կայացվել են հօգուտ Դիմումատուի՝ Ապահովագրական ընկերության դեմ: 

2009 թվականին Դիմումատուի կինը մեքենա վարելիս վթարի է ենթարկվել, և Դիմումատուին պատկանող ավտոմեքենան լրջորեն վնասվել է։ Դիմումատուն բազմաթիվ դիմումներ է ուղարկել Ապահովագրական ընկերությանը՝ խնդրելով վճարել ապահովագրության հատուցում, սակայն, ապարդյուն: 

2012 թվականին Դիմումատուն քաղաքացիական գործով հայց է ներկայացրել Ապահովագրական ընկերության դեմ։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է Դիմումատուի հայցը և կարգադրել է Ապահովագրական ընկերությանը ավտովթարի հետևանքով Դիմումատուին պատճառված գույքային բնույթի վնասների դիմաց որպես հատուցում վճարել ավտոմեքենայի ամբողջ արժեքը: Որոշումն օրինական ուժի մեջ է մնացել նաև Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Այնուամենայնիվ, 2014 թվականին Մոլդովայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի որոշումները և մերժել է Դիմումատուի հայցը՝ մասնավորապես նշելով, որ Դիմումատուի կինը ապահովագրված չի եղել, ուստի, ապահովագրության կանոնները չեն տարածվել վերոհիշյալ պատահարի դեպքում։ Որոշում կայացնելիս Գերագույն դատարանը հիմք է ընդունել նաև Ապահովագրական ընկերության փաստարկն այն մասին, որ Ընկերությունը իրավասություն չի ունեցել հատուցել Դիմումատուի մեքենայի կրած վնասները։ Դատարանը չի անդրադարձել Դիմումատուի հակափաստարկին, որ մեքենան գտնվել է Ընկերության տիրապետության տակ, և վնասի չափը գնահատվել է Ընկերության կողմից նշանակված փորձագետի կողմից:

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետը՝ Դիմումատու Կովալենկոն բողոքել է, որ Գերագույն դատարանը բողոքի քննությունն իրականացրել է կողմերի բացակայությամբ, չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը և հիմք է ընդունել բոլորովին նոր փաստարկներ, որոնք քննության առարկա չեն հանդիսացել առաջին ատյանի դատարանում։ Դիմումատուն բողոքել է, որ Գերագույն դատարանի կայացրած որոշումն անհիմն է, քանի որ դատարանը չի քննել իր գրավոր փաստարկները, կողմերին չի հրավիրել մասնակցելու դատավարությանը և հիմք է ընդունել միայն Ապահովագրական ընկերության կողմից արված կեղծ հայտարարությունները։ 

 Կառավարությունը պնդել է, որ առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը սխալ հիմքերով են քննել գործը: Այդ պատճառով Գերագույն դատարանը եզրակացրել է, որ Ապահովագրական ընկերությունը չէր կարող հատուցել վնասը, քանի որ ապահովագրության պայմանագրում նշված չի եղել Դիմումատուի կնոջ անունը:

Դատարանը նշել է, որ բանավոր դատաքննության ընթացքում հայցվորը պետք է կարողանա իրացնել փաստարկները ներկայացնելու և դատարանին ներկայանալու իրավունքը, հատկապես, այն դեպքում, երբ անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք փաստերը ճիշտ են հաստատվել, երբ հանգամանքներից ելնելով դատարանը պետք է կազմի գործի վերաբերյալ պատկերացում, կամ այն դեպքում, երբ դատարանին անհրաժեշտ է որոշակի կետերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ։ Հիմք ընդունելով վերոհիշյալ նկատառումները՝ սույն գործում ՄԻԵԴ-ը ընթացակարգային խախտումներ է հայտնաբերել։ Դատարանը նաև հիշեցրել է, որ 6-րդ հոդվածը պահանջում է, որ ներքին դատարանները պատշաճ կերպով ներկայացնեն այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել որոշման կայացման համար: Այդ պարտավորությունը ենթադրում է, որ կողմը կարող է դատավարության արդյունքի մասին ողջամիտ ակնկալիք ունենալ։

Անդրադառնալով սույն գործի փաստերին, Դատարանը նախ նշել է, որ Գերագույն դատարանը բեկանել է ստորին ատյանների որոշումները, սակայն, իր որոշման մեջ չի անդրադարձել դրանց: Դատարանը գործը քննել է սկզբից և հաշվի չի առել դատարանների եզրակացությունները՝ գործելով այնպես, կարծես գործը երբևէ չի քննվել: Նման պայմաններում կարելի է եզրակացնել, որ Գերագույն դատարանը գործել է որպես առաջին ատյանի դատարան, սակայն լսումներ և նիստեր չի անցկացրել: Բացի այդ, Դատարանը նաև նշել է, որ Գերագույն դատարանում կողմերն առաջին անգամ վիճարկել են այնպիսի փաստական ​​հարցեր, որոնք իրավիճակի վերաբերյալ հակասական տեսակետներ են ձևավորել։ Ուստի, սույն գործով փաստերը ճշգրիտ գնահատելու և արդար դատաքննությունն ապահովելու համար Գերագույն դատարանը չէր կարող հրաժարվել լսումներ անցկացնելուց: 

ՄԻԵԴ-ը նշել է, որ Գերագույն դատարանը ընդունել է Ապահովագրական ընկերության այն փաստարկը, որ այն իրավասու չէ հատուցում տրամադրել Դիմումատուին և ուշադրություն չի դարձրել վերջինիս հակափաստարկին այն մասին, որ Ապահովագրական ընկերության կողմից նշանակված փորձագետը գնահատել է վնասի չափը: Դատարանի կարծիքով, Դիմումատուի հակափաստարկը կարևոր էր, և կարող էր հանգեցնել այլ արդյունքի: Չնայած դրան, Գերագույն դատարանը չի անդրադարձել դրան, և հնարավոր չէ պարզել, արդյոք Դատարանն անտեսել է Դիմումատուի այդ պնդումը, թե մտադրվել է մերժել այն։

Վերջապես, Դատարանը չի կարող չնկատել, որ Գերագույն դատարանը վճռի կայացման հիմքում դրել է նոր դրդապատճառ, որը կողմերը չեն վիճարկել, և որը վեճի առարկա չի հանդիսացել: Մասնավորապես, Գերագույն դատարանը նշել է, որ ապահովագրության պայմանագիրը չի պարունակել Դիմումատուի կնոջ անունը: Սակայն, Ընկերությունն ավելի վաղ ընդունել է, որ ապահովագրական հատուցումների պայմանները չեն սահմանափակվում այն հանգամանքի պատճառով, որ պատահարի ենթարկված մեքենայի ղեկին եղել է, ոչ թե Դիմումատուն, այլ նրա կինը։  

Վերոհիշյալ նկատառումներից ելնելով՝ ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դատարանը վճռել է, որ Մոլդովան պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 3․500 եվրո և 1․500 եվրո՝ դատական ծախսերի համար։