Հայ հրշեջները շարունակում են Վրաստանում իրականացնել հրդեհաշիջման աշխատանքները

Ժամը 12:30-ի դրությամբ անտառային 3 տեղամասերում աշխատում է 13 հրշեջ-փրկարար:

Օգոստոսի 25-ի առավոտյան ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Վրաստանի Բորժոմիի անտառում: Ժամը 08:30-ի սահմաններում հրդեհի վայր է ուղևորվել 2 մարտական հաշվարկ:

***

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ օգոստոսի 24-ին, ժամը 15:00-ի դրությամբ Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են ծավալել անտառային 3 տեղամասերում: Այնտեղ է գտնվում նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանը:

Ընդհանուր հաշվով՝ տեղամասերում ծառայություն է իրականացնում 23 հրշեջ-փրկարարով 4 մարտական հաշվարկ:

Առաջին՝ ամենաբարձր և դժվարմատչելի տեղամասում գործի է դրվել ամենագնաց մեքենան:

Երկրորդ տեղամասում անտառի եզրին հասած կրակը սպառնում էր մոտակա՝ Ծաղվերի բնակավայրին: Հայ հրշեջ-փրկարարները, վաղ առավոտից պայքարելով հրդեհի դեմ, կարողացել են կասեցնել կրակի առաջխաղացումը և մեկուսացնել հրդեհի բոլոր օջախները: Իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ:

Երրորդ տեղամասի տարածքում եղած անտառի խորքում առկա են եղել հրդեհի բազմաթիվ օջախներ: Հայ հրշեջ-փրկարարներին այստեղ նույնպես հաջողվել է մեկուսացնել կրակի օջախները և անցնել մարման աշխատանքներին՝ անտառի խորքը հասնելու համար կիրառելով հրշեջ խողովակներից կազմված եռաճյուղ մայրուղային գիծ: