Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը շտապեց Հանրապետության հրապարակ: Վերջինս Հրապարակում բոլորին հայտնեց, որ այդ հաղթանակը ժողովրդինն է:
«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ: Կապ չունի, թե ով կլինի ՀՀ վարչապետ, այսօր և սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,- իր խոսքում նշեց նա:
Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ծառայում է հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը. «և ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են հենց հիմա ազատ և երջանիկ Հայաստանում»:
Այնուհետև Փաշինյանն ուղևորվեց Բաղրամյան 26: