Սփյուռքահայ գործարարը բողոքում է իր աշխատանքը խոչընդոտողների դեմ

Սփյուռքահայ ռեժիսոր Հովհաննես Ստեփանյանը 1985 թվականից հաստատվելով Հայաստանում, սկսել է զբաղվել գյուղատնտեսությամբ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննես Ստեփանյանը պատմեց, որ տարիներ առաջ ստեղծել է գյուղական անասնապահական տնտեսություններ, որտեղ սկսել է զբաղվել մեղվապահությամբ, ոչխարաբուծությամբ և անասնապահությամբ:   Այդ տնտեսություններում աշխատում են նաև երիտասարդ ընտանիքներ,  ինչի շնորհիվ նրանք չեն հեռանում իրենց գյուղից, իսկ զբոսաշրջիներն էլ օգտվում են այդ գյուղական բարքներից:

Նպատակը յուրաքանչյուր մարզում տարածաշրջանին բնորոշ գյուղատնտեսական միջոցների վերականգնում է: Նրա խոսքերով ինքն անձամբ է  ուսումնասիրում  և ստեղծում իր բեզնեսը:

«Դժբախտաբար այօր Հայաստանում որևէ քայլ ձեռնարկելիս ստիպված ենք լինում տարբեր խոչընդոտներ հաղթահարել: Լինում է հաճախ ոչ ծրագրավորված, բայց նաև լինում են դեպքեր, որ այդ խոչընդոտները հստակ ծրագրավորված են լինում»,- ասաց նա:

Սփյուռքահայ ֆերմերի խոսքերով երկար տարիների ուսումնասիրությունից հետո Վայոց Ձորի մարզի Շատին համայնքում գտել է մի տարածք, սակայն հանդիպել է խոչընդոտների  ԲԷՑ-ի (Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր)  կողմից: Քանի որ կազմակերպությունն իրենց հիմնադրած ֆերմայի հարակից տարածքում բարձրավոլտ  էլեկտրալարեր է անցկացրել և փակել անասունների արոտավայր տանող ճանապարհը:

«Նրանց դիմելուց հետո, կազմակերպության ներկայացուցիչներից մեկը, տեսնելով դա, հայտարարեց, որ սա գերակա շահ է և մենք ոտնահարելով կգնանք և թքած ունենք ցանկացածի վրա: Դու անհատ ես մենք պետություն»,- պատմեց նա:

Պարոն Ստեփանյանի խոսքերով սուտ է  ԲԷՑ-ի այն  հայտարարությունը, որ պետությունը վճարել է իրենց  հասցված վնասների համար. «Պետական կամ ոչ պետական ԲԷՑ-ի ներկայացուցիչն ինքն իրեն համարում է ավելի բարձր, քան ցանկացած այլ մարդ, ոտնահարում է ցանկացածի իրավունքը և լկտիորեն հայտարարում է այդ մասին»:

Սփյուռքահայ գործարարն անդրադառնալով մեկ այլ խնդրի` պատմեց, որ իրենք որոշել են Եղեգիս գետի ափին զբաղվել գոմշաբուծությամբ, որի համար  պետք է կառուցել ջրաղաց, սակայն  գետի ջուրը ցամաքել է, իսկ այդ հարցը լուծելու համար գրավոր դիմում են ներկայացրել պատկան մարմիններին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել: Գործարարի խոսքերով խնդիրն առաջացել է Հէկ-երի աշխատանքի արդյունքում:

«Մենք հարցը բարձրացրել ենք, իսկ պետությունը պետք է ուսումնասիրի տարածքը և լուծում գտնի դրա համար»,- ասաց գործարարը:

Նա  նաև ցուցադրեց լուսանկարներ, որտեղ պատկերված էր, թե ինչպիսի վիճակ է տիրում գետում:

«Գիսաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն էլ նշեց, որ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ է ունենում այլ կազմակերպությունների հետ, սակայն  ոչ մի անգամ չի այցելում  այստեղի որևիցե մի ֆերմերային տնտեսություն:

«Վայոց Ձորում և Գեղարքունիքի մարզերում անասնապահությունը գտնվում է ծանր վիճակում: Անասուններն էլ վարակվում են տարբեր տեսակի հիվանդություններով, իսկ գյուղատնտեսության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- հայտնեց նա:

Վերջում ֆերմերները հայտնեցին, որ իրենք մինչև վերջ շարունակելու են զբաղվել իրենց գործով: Նրանք նաև պատրաստ են դիմելու ծայրահեղ քայլերի այս խոչընդոտները հարթելու ուղղությամբ:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ