Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց քրեական աշխարհում, որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատական նիստը: Նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը: Նրա չներկայանալու պատճառը իմանալ չհաջողվեց․ պաշտպանը զանգերին չէր պատասխանում։
Այսօրվա դատական նիստին, դատավոր Արմեն Բեկթաշյանը լրացուցիչ հարցաքննության էր հրավիրել ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին՝ քրեական գործով ձեռք բերված ձայնագրության հետ կապված: Հիշեցնենք, որ խոսքը այն ձայնագրության մասին է, որում լսվում է, թե ինչպես է Իսրայել Սարգսյանն այս գործով կալանավորված, ապա ազատ արձակված Տիգրան Ասատրյանին պատմում, որ ինքը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունն, ապա ինքը սպանել Մովսեսին:
Հավելենք, որ ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին՝ «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝ դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում: Սպանությունից ավելի քան երեք տարի անց Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:
Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանում ներկայացել էին փորձագետները, որոնք դատարանին ներկայացրին գործով տրված եզրակացությունները:
Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց հուլիսի 17-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի