Թրամփը հայտարարել է ԱՀԿ-ի ֆինանսավորման դադարեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ Վաշինգտոնը դադարեցնում է վճարումները Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե։ Նա նշել է, որ այդ որոշումը կայացվել է, քանի որ ԱՀԿ-ն «չի կարողացել կատարել իր առաջնային պարտավորությունը և պետք է պատասխանատվությու կրի»:

Թրամփի խոսքով` կազմակերպության գործողությունները նպաստել են Չինաստանի «ապատեղեկատվությանը» COVID-19 կորոնավիրուսի վերաբերյալ, ինչը, ամենայն հավանականությամբ, ավելի մեծ բռնկման է հանգեցրել, քան կարող էր լինել հակառակ դեպքում:

Ինչպես նշել է Թրամփը, ամերիկացի հարկատուները տարեկան 400 միլիոնից մինչև 500 միլիոն դոլար են վճարել ԱՀԿ բյուջե, մինչդեռ Չինաստանը վճարել է 40 միլիոն դոլար: «ԱՄՆ-ն` որպես կազմակերպության հիմնական հովանավոր, պետք է պնդեն, որպեսզի ԱՀԿ-ն ստանձնի ամբողջ պատասխանատվությունը»,-ընդգծել է նա:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հասնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարեփոխմանը, և այդ հարցը կքննարկվի այլ երկրների հետ: «Մենք կշարունակենք փոխգործակցել ԱՀԿ-ի հետ` հասկանալու համար, արդյոք այն կարող է էական բարեփոխումներ իրականացնել: Մենք կքննարկենք առողջապահական ոլորտում այլ երկրների և գործընկերների հետ, թե ինչ պետք է անենք ԱՀԿ մուծվող այս ամբողջ գումարի հետ»,- եզրափակել է Թրամփը։

Ապրիլի 7-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՀԿ-ն քիչ բան է արել իր երկրում կորոնավիրուսի համաճարակը կանխելու համար և չափազանց շատ ժամանակ է տրամադրել Չինաստանում ստեղծված իրավիճակի վրա: «ԱՀԿ-ն իսկապես ձախողել է ամեն ինչ: Չգիտես ինչու, կազմակերպությունը, որին հիմնականում պահում են Միացյալ Նահանգները, իր ողջ ուշադրությունը կենտրոնացել է Չինաստանի վրա»,- ասել էր նա:

Ավելի ուշ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը քննարկում է ԱՀԿ-ի բյուջե արվող վճարումների դադարեցումը: Հաջորդ օրը Թրամփը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Սպիտակ տանը կայացած ճեպազրույցին հանդես էին եկել կորոնավիրուսի թեմայի վերաբերյալ՝ մատնանշելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից թույլ տրված մի շարք սխալները: Պետության ղեկավարը նշել էր, որ 2019 թվականին ԱՀԿ-ն ԱՄՆ-ից 452 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է ստացել, բայց սխալվել է «շատ հարցերի հետ կապված»: Իր հերթին, Պոմպեոն համաձայնել էր Թրամփի դիրքորոշման հետ` հայտարարելով, որ կազմակերպությունը չի արդարացրել սպասումները: Նա նաև չէր բացառել ԱՀԿ ֆինանսավորման կրճատումը և ապագայում դրա ղեկավարության փոփոխությունը:

Մեկնաբանություններ