Գրոբելնին ընդդեմ Լեհաստանի

Warsaw, Royal castle and old town at sunset

Դիմումատուն՝ Միեչիսլավ Գրոբելնին, ազգությամբ լեհ է, ծնվել է 1953 թվականին և բնակվում է Լեհաստանի Լյուբնևիցե քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հաշմանդամության կենսաթոշակի վճարման դադարեցմանը։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյանները հրաժարվել են իրեն փոխհատուցում հատկացնել 21 ամսով հաշմանդամության կենսաթոշակի վճարման դադարեցման համար, այն բանից հետո, երբ սխալ է հայտնաբերվել ֆունկցիոնալության գնահատման (առողջության վիճակի և աշխատունակության հետազոտություն) ժամանակ: 

Դիմումատուն հասարակ գյուղացի է, նա հաշմանդամության կարգավիճակ է ստացել և ճանաչվել է անաշխատունակ, քանի որ կորցրել է որևէ աշխատանք կատարելու կարողությունը: Նա սկսել է հաշմանդամության թոշակ ստանալ 1994 թվականից մինչև 2008 թվականը։ Սակայն, 2008 թվականին իրականացված բժշկական հետազոտությունից հետո Սոցիալական ապահովագրության հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ) որոշել է, որ Գրոբելնին անաշխատունակ չէ և հրաժարվել է կենսաթոշակի վճարումից։ Այդ որոշումն ուժի մեջ է մտնել 2008 թվականի ապրիլին: 

Դիմումատուն հայց է ներկայացրել դատարան Հիմնադրամի որոշման դեմ՝ պնդելով, որ իր առողջության վիճակը չի բարելավվել, և նա չի կարող գյուղատնտեսական աշխատանքներ կատարել: Առաջին ատյանի դատարանը մերժել է Դիմումատուի հայցը, ինչից հետո նա բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան։ Կրկին բժշկական փորձաքննություն է իրականացվել։ Ի վերջո, վերաքննիչ դատարանը բավարարել է Գրոբելնու բողոքը։ 2010 թվականի հունվարին վերաքննիչ դատարանը որոշել է վերականգնել հաշմանդամության կենսաթոշակ ստանալու Գրոբելնու իրավունքը՝ պարզելով, որ Հիմնադրամի բժշկական փորձագետները սխալ են գնահատել Գրոբելնու առողջական վիճակը, և վերջինս իրականում անաշխատունակ է։

Այնուհետև, Գրոբելնին քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով փոխհատուցում հատկացնել իրեն այն 21 ամսվա համար, երբ նա զրկված է եղել իրեն հասանելիք կենսաթոշակից: 2012 թվականին նրա հայցը քննվել և մերժվել է։ Մասնավորապես, դատական ատյանները որոշել են, որ Գրոբելնուն չի կարող փոխհատուցում հատկացվել՝ Հիմնադրամի կողմից ապօրինի գործողության բացակայության հիմքով։ 

2012 թվականին Գրոբելնին բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն)՝ Դիմումատուն բողոքել է, որ անկախ այն հանգամանքից, որ նա անաշխատունակ է ճանաչվել, նա 21 ամսվա ընթացքում պետության կողմից ֆինանսական օգնություն չի ստացել, և իրեն փոխհատուցում չի տրամադրվել այդ ժամանակահատվածում անաշխատունակության նպաստի վճարման դադարեցման համար։

Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ Դիմումատուին փոխհատուցում տրամադրելու պահանջի մերժումն անհամաչափ միջամտություն չի հանդիսացել նրա սեփականության իրավունքին և չի հանգեցրել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտմանը: Կառավարության կարծիքով, Դիմումատուն օգտվել է իրավական պաշտպանության միջոցներից, սակայն, հաջողության չի հասել, քանի որ Հիմնադրամի գործողություններն ապօրինի չեն եղել: Այսպիսով, ներպետական դատարանների կողմից նրա պահանջի մերժումը, որը համապատասխանել է ներքին օրենսդրությունը, չի կարող նպաստել Դիմումատուի սեփականության իրավունքների խախտմանը:

ՄԻԵԴ-ը նշել է, որ այն սկզբունքները, որոնք ընդհանուր առմամբ կիրառվում են Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիմքով հարուցված գործերի դեպքերում, համապատասխանաբար վերաբերում են կենսաթոշակներին և սոցիալական ապահովության նպաստներին։ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը չի ստեղծում գույք ձեռք բերելու իրավունք: Այս  դրույթը չի սահմանափակում Պայմանավորվող պետության ազատությունը՝ որոշելու սոցիալական ապահովության համակարգի որևէ ձև ունենալը կամ չունենալը, կամ այդ համակարգի համաձայն նախատեսված արտոնությունների տեսակը կամ չափը: Այնուամենայնիվ, եթե Պայմանավորվող պետությունն ունի գործող օրենսդրություն, որը նախատեսում է սոցիալական նպաստ ստանալու իրավունք, ապա այդ օրենսդրությունը հարկավոր է ուսումնասիրել որպես գույք ստեղծող, որը քննվում է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի շրջանակներում։

Այն փաստը, որ սեփականության իրավունքը որոշակի հանգամանքներում ենթակա է չեղարկման, դա չի կարող խոչընդոտել, որ այն «գույք» համարվի Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով։ Բացի այդ, ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ պետական մարմնի ցանկացած միջամտություն գույքի անարգել օգտագործմանը պետք է լինի օրինական։ Առաջին պարբերության երկրորդ նախադասության համաձայն, թույլատրվում է սեփականությունից զրկում միայն «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան», իսկ երկրորդ պարբերության մեջ նշվում է, որ պետությունները իրավունք ունեն վերահսկել գույքի օգտագործումը՝ «օրենքներ» կիրառելով։

Դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, պետք է պահպանվի «արդարացի հավասարակշռություն» հասարակության ընդհանուր շահերի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, որպեսզի Դիմումատուի վրա «անհամաչափ բեռ» չդրվի։ Պետք է առկա լինի նաև ողջամիտ հարաբերակցություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև։ Այսպիսով, խախտվում է այդ հավասարակշռությունը, եթե անձը ստիպված է եղել կրել «անհամաչափ բեռ»։

ՄԻԵԴ-ը պարզաբանել է, որ սույն գործով վեճի առարկա է այն հարցը, թե արդյոք Դիմումատուն պե՞տք է փոխհատուցում ստանար այն ժամանակահատվածի համար, երբ դադարեցվել է կենսաթոշակի վճարումը: Վեճի հիմքում դրվում է նաև այն հարցը, թե արդյոք նման իրավիճակը հանգեցրե՞լ է Դիմումատուի սեփականության իրավունքին անօրինական և անհամաչափ միջամտության։

Դատարանը շեշտել է այն փաստը, որ Դիմումատուն, չնայած գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու անկարողությանը, 21 ամիս չի ստացել պետության կողմից որևէ ֆինանսական աջակցություն: Ըստ այդմ, Դատարանը եզրակացրել է, որ այն փաստը, որ Դիմումատուին զրկել են հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքից առանց փոխհատուցման հնարավորության, հանգեցրել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքի իրացման ոչ իրավաչափ միջամտության:

Դատարանը եզրակացրել է, որ Դիմումատուն անտեղի կրել է «անհամաչափ բեռ», քանի որ Հիմնադրամի բժշկական փորձագետների կողմից իր առողջական վիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում կրել է ֆինանսական կորուստներ, և պատասխանող Պետության իշխանությունները, ներառյալ՝ ներպետական դատարանները, ժամանակին և հավուր պատշաճի չեն կատարել իրենց պարտականությունները և չեն կարողացել ուղղել այն սխալը, որը հստակ կապված է եղել Հիմնադրամի հետ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ պատասխանող Պետությունը պետք է Դիմումատուին պատճառված նյութական վնասի հատուցման համար վճարի 3․460 եվրո և 2․500 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի համար։