Էլիֆ Քըզըլն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Էլիֆ Քըզըլը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1934 թվականին: Մինչև մահը բնակվել է Քըրշեհիրում (Թուրքիա): 2018 թվականից Դիմումատուի չորս ժառանգներն են շարունակել մասնակցել դատարանում բողոքի քննությանը: Գործը վերաբերում է 1973 թվականին Դիմումատուի կողմից ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստին։ 

1973 թվականին Դիմումատուն գնել է հողատարածք (այսուհետ նաև՝ հողատարածք կամ անշարժ գույք): Նրան տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայական, որը գրանցվել է Հողային գրանցամատյանում: Հաջորդ տարի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գրանցամատյանի վերանայումից հետո հողատարածքը գրանցվել է որպես Կենտրոնական Գանձապետարանի սեփականություն։ Որոշման մեջ նշվել է, որ այդ հողատարածքը պատկանել է ոմն Օ.Բ.-ին, իսկ հետո վաճառվել է անհայտ անձին։ Այսպիսով, պետական մարմինները որոշել են գույքը փոխանցել Կենտրոնական Գանձապետարանին, քանի որ սեփականատիրոջ անունն այդպես էլ չի հայտնաբերվել գրանցամատյանում: Որոշումը հրապարակվել է երկու ամսվա ընթացքում, իսկ հողատարածքի սեփականատերը չի հայտնաբերվել և չի ծանուցվել։

Այդ ժամանակ Դիմումատուն ամուսնու հետ բնակվել է Գերմանիայում: Միայն 2002 թվականի հուլիսին Թուրքիա վերադառնալուց հետո համապատասխան մարմինները նրան բանավոր կերպով բացատրել են իրավիճակը։ Այնուհետև, Դիմումատուն ծանուցում է ստացել` 2001 և 2002 թվականների ընթացքում պետական գույքի (հողատարածք) անօրինական բռնագանձման համար փոխհատուցում վճարելու կարգադրության մասին։ Դիմումատուն հարաժարվել է կարգադրությունը կատարելուց և նշել է, որ մինչև այդ պահն իրեն է պատկանել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը։ 

2003 թվականի ապրիլի 24-ին Դիմումատուն հայց է ներկայացրել դատարան՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը գանձապետարանին փոխանցելու որոշման դեմ։ Նա պահանջել է վերագրանցել իրեն պատկանող անշարժ գույքը՝ նշելով, որ երբևէ տեղյակ չի եղել անշարժ գույքի պետական ռեգիստրի վերանայման մասին և միայն 2002 թվականին ծանուցվել է գրանցամատյանի վերանայման արդյունքների մասին: 

Առաջին ատյանի դատարանը բավարարել է Դիմումատուի ներկայացրած հայցը։ Սակայն, 2004 թվականին Վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի կայացրած վճիռն այն հիմքով, որ Դիմումատուի գործողությունը նպատակ է ունեցել փոխել 1974 թվականին հողային ռեգիստրի վերանայման արդյունքը, և որ հայցը ներկայացվել է 10-ամյա ժամկետից հետո, որը սահմանված է 1987 թվականին ուժի մեջ մտած գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում: Այսպիսով, վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2005 թվականին։

2006 թվականին Էլիֆ Քըզըլը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն)՝ Դիմումատուն բողոքել է, որ զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքից։ Դիմումատուն բողոքել է նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության մասին՝ նշելով, որ մինչև 2002 թվականը չի ծանուցվել և տեղեկացված չի եղել տեղի ունեցող իրադարձությունների մասին, իսկ հետագայում հնարավորություն չի ունեցել բողոքարկել պետական մարմինների գործողությունները։ Այնուամենայնիվ, Դիմումատուն իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։

Պատասխանող Կառավարությունը նշել է, որ նախապես հայտարարվել է կադաստրային ուսումնասիրությունների մասին, իսկ հետո հրապարակվել են արդյունքները։ Ուստի, հասարակության համար, այդ թվում՝ Դիմումատուի, հասանելի է եղել տեղեկատվությունը, և կարիք չի եղել անհատական ծանուցում ուղարկելու։  

ՄԻԵԴ-ը նշել է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում նշված «սեփականություն» հասկացությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ապրանքների տիրապետմամբ։ Ակտիվներ կազմող այլ իրավունքներ և շահեր կարող են դիտվել որպես գույքային իրավունքներ և «գույք» համարվել: Դատարանը կրկնել է, որ Դիմումատուն կարող է պնդել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման մասին այն դեպքում, երբ վիճարկվող որոշումները վերաբերում են նրա «գույքին» այդ դրույթի իմաստով: Դատարանը նշել է, որ «պահանջը» նույնպես կարող է համարվել «գույք» Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, եթե բավարար չափով հաստատված է, որ այդ պահանջը կարող է օրինականորեն իրագործվել։ Դատարանն անդրադարձել է նաև այն պահանջներին, որոնց վերաբերյալ Դիմումատուն կարող է պնդել, որ ունի դրանց իրագործման առնվազն «լեգիտիմ ակնկալիք», այսինքն՝ նա ձեռք կբերի գույքի տիրապետման իրավունք (սա վերաբերում է նաև ժառանգման իրավունքին)։

Սույն գործով Դատարանը որոշել է, որ Դիմումատուն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել գույք և դարձել է դրա սեփականատերը։ Սակայն, Դիմումատուի սեփականության իրավունքը երբեք պաշտոնապես չի չեղարկվել, և նա շարունակել է օգտագործել գույքը և դրա համար տարիներ շարունակ վճարել է գույքահարկ։ Դատարանը եզրակացրել է, որ պետական մարմինների գործողությունների հետևանքով խախտվել է «արդարացի հավասարակշռությունը», որը պետք է պահպանվի հասարակության ընդհանուր շահերի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդված):

Այսպիսով, ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը նաև արձանագրել է, որ այն փաստը, որ Դիմումատուն իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել, չի ազատում պատասխանող Պետությանը Դիմումատուի իրավունքների խախտումը վերացնելու և անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով վերականգնելու պարտավորությունից։