Բռնություն ոստիկանության աշխատակցի նկատմամբ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը:

Մասնավորապես, նախաքննության նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի ոստիկաններ Ս. Բ.-ն և Բ. Մ.-ն 17.07.2017թ.-ին «Մալաթիա» գյուղմթերքների շուկայում հասարակական կարգը խախտելու` հայհոյանքներ տալու և աղմկելու համար փորձել են կարգի հրավիրել ՀՀ քաղաքացի Ս. Ա.-ին, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն է գործադրել Ս. Բ.-ի նկատմամբ` վնասելով վերջինիս պարանոցը:

Ըստ ՀՀ քննչական ծառայության՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Ա.-ն, իր հերթին, բացատրությամբ հայտնել է, որ ոստիկաններն են բռնություն գործադրել իր նկատմամբ` նախ պահանջել են դուրս գալ շուկայից, սակայն տեսնելով, որ պահանջը չի կատարվում, իրեն գցել են գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու  դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Մեկնաբանություններ