«Երեխայի նկատմամաբ բռնությունը ծնողի ինքնաբավարարման դրսևորում է»․ հոգեբան

Յուրաքանչյուր տարիքում երեխան կարող է ենթարվել բռնության իր կատարած վատ արարքի համար: Գրեթե չկա մի երեխա, ով մեծացած լինի առանց չարությունների և առանց ծնողի կողմից պատիժների: Իհարկե պատիժները տարբեր են` երեխայի վրա բարկանալուց մինչև նրան ծեծելը, ապտակելը, քաշքշելը և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հասցնելը:

Երեխայի նկատմամաբ բռնությունը համընդհանուր խնդիր է, և միջազգային նորմերով այն գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում:

Շատ ծնողներ շարունակում են երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, համարելով, որ երեխային ծեծելը կապված է նրան լավ դաստիարակելու հետ:

29-ամյան Մարինեն, ով արդեն երկար տարիներ է, ինչ ամուսնացած է և ունի 2 երեխա, մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ երբեմն ստիպված է լինում ձեռք բարձրացնել իր երեխաների վրա, քանի որ շատ դեպքերում նրանք իրեն չեն լսում: «Միանշանակ կողմ չեմ ծեծին, սակայն երբեմն ինքդ քեզ չես կարողանում կառավարել: Երբ երեխայիդ քո մոտեցումներով դաստիարակում ես, իսկ նա գնում է մանկապարտեզ, շփվում է մեկ այլ չար երեխայի հետ և ինքն էլ փորձում է ընդօրինակել նրան, սկսում է վատ բաներ անել` կոտրում է տան կահույքը, գազն է միացնում կամ այլ չարություններ է անում, այդ պարագայում երեխայիդ կարգավորելու համար  ծեծելու անհրաժեշտություն է լինում»,- ասաց նա:

«Բռնությունը, որն այսօր կապում ենք դաստիարակության հետ, ոչ մի ակտուալ իմաստ չունի: Թերևս ոչ մի երեխա բռնության միջոցով չի դաստիարակվել, այլ ընդհակառակը, խեղվել է»,- այս մասին հայտնեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Նրա կարծիքով երեխան ծեծելով չէ, որ պետք է դաստիարակվի և չի կարելի նրան վախով ետ պահել ինչ-որ բաներից:

«Ծնված օրվանից ծնողները երեխայի հետ պետք է վարվեն որպես անձի հետ, նրան ուղորդեն, բացատրեն և փորձեն երեխայի հետ միասին ելքեր փնտրել, այլ ոչ թե անբացատրելի արգելքներ դնեն նրա առաջ», -ասաց պարոն Մադաթյանը:

Հասարակական վայրերում հաճախ կարող ենք հանդիպել ծնողների, որոնք հաշվի չառնելով շրջապատի մարդկանց, բոլորի աչքի առաջ բղավում են երեխայի վրա կամ ապտակում, ինչն ավելի է նսեմացնում ծնողին երեխայի աչքում, բացի այդ երեխայի ինքնագնահատականը հավասարեցնում զրոյի:

«Շատ հաճախ եմ նման դեպքերի  ականատես լինում և չեմ ընդունում, երբ ծնողը քաշքշում է իր երեխային, նույնիսկ հարվածում, հատկապես բոլորի աչքի առաջ, երբեմն այդ ծնողին ծեծելու ցանկություն է առաջանում, սակայն երբեք չեմ խառնվում, քանի որ ինձ նման իրավունք չեմ վերապահում»,- այս մասին ասաց 22-ամյա Աստղիկը: Նրա կարծիքով այդ պահվածքն արդեն փաստում է այդ անձի վատ ծնող լինելու մասին:

Հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով, ոչ մի պարագայում չի կարելի բռնություն գործադրել երեխայի նկատմամաբ, այլ պետք է նրան բացատրել, ինչն ավելի ժամանակատար է, և հաճախ ծնողը նախնտրում է իր ժամանակը ծախսելու փոխարեն հարվածել երեխային:

«Ոչ մի բռնություն գործադրող ծնող հեղինակություն չունի իր երեխայի մոտ: Երեխայի նկատմամաբ բռնությունը կարող ենք համարել ծնողի ինքնաբավարարում, այլ ոչ թե երեխայի համար ինչ-որ մի բան», – ասաց նա:

Բռնության ենթարկաված երեխաները  հետագայում կարող են բախվել բազմաթիվ խնդիրների: Շատ են այն դեպքերը, երբ  բռնության ենթարկված երեխաները փախչում են տանից կամ ինքնասպանություն են գործում: Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքում տեղի է ունենում բռնություն: Ինչն էլ հանգեցնում է ընտանիքի քայքայմանը:

 «Որոշակի տարիքում բռնության ենթարկված երեխաներից շատերը ևս կսկսեն բռնություն գործադրել իրենց երեխաների նկատմամբ, մյուսները հնարավոր է փորձեն պատիժները ավելի քիչ կիրառել` ստեղծելով ամենաթողության դաշտ երեխայի համար: Շատ երեխաների մոտ արդեն հասուն տարիքում առաջանում է ինքնագնահատականի խնդիր, որոշ հարցերում նրանք չեն կարողանում ինքնուրույն կողմնորոշվել։ Երեխան չի ձևավորվում որպես անձ»,- ասաց հոգեբանը: Նա նաև նշեց, որ սովորաբար երեխաները ավելի շատ մայրերի կողմից են ենթարկվում դաժան բռնության, քան հայրերի:

 Ըստ ՀՀ ոստիկանության տվյալների 2017 թվականի 4 ամիսների ընթացքում հանրապետությունում երեխաների նկատմամաբ գրանցվել է 59 բռնության դեպք:

«Երեխայի իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք:

Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի ոտնահարման դեպքում խախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց:

Նյութը՝ Ելենա Արամյանի

 

Մեկնաբանություններ