Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է ընթանալ «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը։
Ամբաստանյալ Թորոս Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյալը նիստի մեկնարկին ինքաբացաքկի միջնորդություններկայացրեց, նշելով, որ սույն գործով նշանակված է եղել 4 դատական նիստ, սակայն ինքը ծանուցված է եղել միայն 3-ի մասին: Պաշտպանը հավելեց, որ նշված օրերին՝ հինգշաբթի օրը, ունի մեկ այլ դատական նիստ, այդ իսկ պատճառով չի կարողացել ներկա լինել սույն դատական գործին, ինչը համապատասխան դիմումով ներկայացրել է դատարան. «Դուք շահագրգռված եք այս գործով՝ դա երևում է, երբ կնոջը պարոնով եք դիմում, դատարանում հրապարակում եք փաստաբանական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթ և նույնիսկ պաշտպանի ու ամբաստանյալին նույնացնում եք՝ նրանց ամբաստանյալներ դիմելով»,- հիշեցրեց Լիպարիտ Սիմոնյանը, հավելելով, որ եթե դատարանը չի համարում փաստաբաններին գործով պաշտպան, ապա ի՞նչ օրենքով է նրանց նկատմամբ դատական սանկցիա կիրառում:
Լիպարիտ Սիմոնյանը հավելեց, որ եթե պաշտպանը չի ներկայանում, ապա դատարանը պետք է հետաձգի դատական նիստը, կամ եթե գործով նոր պաշտպան է ներգրավվում, ապա ևս հետաձգման հիմք կա, որպեսզի վերջինս կարողանա գործի նյութերի հետ ծանոթանալ: Հիշեցրեց նաև Արտուշ Գաբրիելյանին, որ նա իր դատական 10 տարվա պրակտիկայում միշտ այսպիսի իրավիճակներում դատական նիստը հետաձգել է. «Սույն քրեական գործով Դուք ցուցաբերում եք այնպիսի վարքագիծ, որը կարող է խոսել միայն Ձեր՝ ի վնաս պաշտպանական կողմին ուղղված շահագրգռվածության մասին»,- հայտարարեց Թորոս Թորոսյանի պաշտպանը։
Պաշտպանի խոսքերով՝ այս գործով տուժող չի ներկայացել դատական նիստերի դահլիճ. «Համոզված եմ, որ դուք նրանց չեք ծանուցել»,- հավելեց նա, ինչին ի պատասխան դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստեց, որ բոլոր նիստերին տուժողներ ներկա են եղել, իսկ այօրվա չներկայանալու պատճառը հայտնի չէ. «Եթե մյուս դատական նիստին չներկայանան՝ համապատասխան ծանուցում կուղարկվի»,-ասաց դատավորը:
Մյուս պաշտպանները միացան միջնորդությանը: Ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան փաստաբան Հայարփի Սարգսյանը որպես դատավորի ինքնաբացարկի միջնորդության հիմք նշեց այն փաստը, որ դատավորը մինչ օրս չի քննել իր կողմից նախապես ներկայացված միջնորդությունը, ըստ որի իր պաշտպանյալին պետք է քաղաքային հիվանդանոց տեղափոխել:
Հերթական ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց պաշտպանների կողմից ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին:
Այսօրվա դատական նիստի ընթացքում շարունակվեց նախորդ դատական նիստի ժամակ կիսատ մնացած ամբաստանյալների ինքնությունը ճշտելու և պաշտպանների գործի մեջ ներգրավելու գործընթացը:
Պաշտպան Հարություն Բաղդասարյանը խնդրեց դատարանին, որ ամբաստանյալներին դատարան բերեն ոչ թե մեկ առ մեկ, այլ բոլորին միանգամից:
Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց բոլոր ամբաստանյալներին 5 րոպեով դատական նիստերի դահլիճ բերել, որպեսզի վերջիններիս բացատրվեն իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը, դատական նիստը ընդհատելով, փորձեց ճշտել, թե ո՞ւր է իր պաշտպան Մուշեղ Շուշանյանը, ինչին ի պատասխան դատավորը ասաց, որ պաշտպանը չի ցանկանում դատական նիստերին ներկա գտնվել և չի ցանկանում զննության ենթարկվել: Այնուհետեւ դատավորը հայտարարեց, որ ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը և Կարապետ Բադալյանը այդպես էլ նիստին չեն ներկայացել, և քանի որ
դա կրկնվում է մի քանի նիստի, հաջորդ նիստում նրանց պաշտպանյալներ Սերգեյ Կյուրեղյանի, Գառնիկ Հովակիմյանի և Արթուր Սողոմոնյանի համար հանրային պաշտպաններ կներգրավվեն:
«Իրենք ներկայանում են, դուք չեք թույլատրում մտնել»,- տեղից հայտարարեց ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանը:
Դատավորի վերոնշյալ հայտարարությունը դժգոհություն առաջացրեց մյուս պաշտպանների մոտ:
Պաշտպան Անուշ Մխիթարյանի խոսքերով կարգադրիչները արդեն անցնում են նույնիսկ խուզարկության սահմանները. «Ես դիմելու եմ Վճռաբեկ դատարան և դատական դեպարտամենտների նախագահին, քանի որ կարգադրիչների քայլերը անօրինական են: Դա ոչ միայն նվաստացնում է մեզ՝ փաստաբաններիս, այլ նաև խոչնդոտում է մեր բնականոն աշխատանքին»,- նշեց պաշտպանը:
Պաշտպան Կարեն Մեջլումյանին փոխարինող Արթուր Ալիխանյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի նիստը հետաձգվի և ողջամիտ ժամկետներ տրամադրվի իրեն գործի նյութերին ծանոթանալու համար՝ մոտավորապես 5 ու կես ամիս, իսկ եթե ոչ, ապա կխնդրեի նիստը հետաձգել մինչև Կարեն Մեջլումյանը կվերադառնբա արձահուրդից՝ օգոստոսի 8-ից հետո: Արթուր Ալիխանյանը նշեց՝ եթե դատական նիստը մինչև օգոստոսի 8-ը նշանակվի, ապա ինքը ներկա չի լինի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու պատճառով:
Այսօրվա դատական նիստին ներկա չէին ամբաստանյալներ Արայիկ Հակոբյանի և Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, որը համապատասխան գրությամբ տեղյակ է պահել դատարանին բացակայության մասին, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, Լուսինե Սահակյանը, որը գտնվում է արձակուրդի մեջ, Մուշեղ Շուշանյանը, որ հրաժարվում է դատական դեպարտամենտի աշխատակիցների կողմից զննության ենթարկվել նիստերի դահլիճ մտնելուց առաջ, փաստելով, որ վերջիններս չեն զննում այլ խուզարկում են:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպան Արա Ղարագյուզյանը դատարանին տեղեկացրեց, որ մեկ ամսով ինքը ևս արձակուրդ է գնում: Նա նաև հավելեց, որ իր ամբաստանյալի միակ պաշտպանը ինքն է, պաշտպան Մոնիկա Մարգարյանը ևս գտնվում է արձակուրդում:
Ամբաստանյալ Արամ Մանուկյանը ներկայացրեց դատավորի ինքնաբացարկի միջնորդություն, որին միացանամ նաև ամբաստանյալների մի մասը, իսկ մյուս ամբաստանյալներն էլ միայն իրենց պաշտպանների հետ խորհրդակցելուց հետո կարծիք կհայտնեն:
Միջնորդության մասին կարծիք հայտնելիս՝ ամբաստանյալ Վարդան Գերավետյանը նշեց, որ այս նույն նիստերի դահլիճում մյուս ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է բռնություն, որին դատարանը ոչ մի կերպ չարձագանքեց և գնահատական չտվեց. «Նման պայմաններում ձեր կողմից իրականացվող արդար դատավարությանը մենք չենք կարող հավատալ: Դուք
կողմնակալ վերաբերմունք եք ցուցաբերում: Դուք դատարանում չեք կարողանում ապահովել մեր անվտանգությունը»,- ասաց նա հիշեցնելով նիստերից մեկի ժամանակ ոստիկանության աշխատակցի գործողությունները Արեգ Կյուրեղյանի նկատմամբ, երբ վերջինիս ձեռքից վերցրել էին իր փաստաբանին ուղղված գրությունը, իր հերթին դատավորը հրապարակել էր այն:
Պաշտպան Հարություն Բաղդասարյանը միանալով իր վստահորդի բարձրացրած դատավորի ինքնաբացարկի խնդրին նշեց, որ դատավորը ինքն էլ է ասել, որ հնարավոր չէ այս պայմաններում աշխատել. «Մենք խնդրում ենք, եթե դուք չեք կարողանում մեզ հետ աշխատել, տվեք այդ ինքաբացառկը՝ ձեզ էլ ազատեք, մեզ էլ ազատեք այդ խնդրից և հնարավորություն տվեք, որպեսզի դատական նիստը անցնի իր բնականոն ընթացքով»,- ասաց պաշտպանը, շարունակելով, որ այս ամբողջ գործողությունների համար միակ մեղավորը դատավորն է:
«Եթե դուք չեք կարողանում այդ պատասխանատվությունը ձեր վրա վերցնել, գցեք ձեր վրայից՝ տալիս ենք ձեզ այդ հնարավորությունը»,- իր խոսքը եզրափակեց Հարություն Բաղդասարյանը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ դատական սանկցիա է կիրառել փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Կարապետ Բադալյանի և Դավիթ Գյուրջյանի նկատմամբ: Նրանց պատասխանատվության ենթարկելու համար դիմելու է Փաստաբանների պալատ:
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 3-ին:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի