Ամբաստանյալը հարժարվեց հարցաքննությունից. Ծննդկանի մահվան գործով դատական նիստ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան գործով դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալներ են  «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանը և Անի Բաբելյանը:

Այսօրվա դատական նիստում շարունակվեց ամբաստանյալ Անի Բաբելյանի հարցաքննությունը: Ըստ ամբաստանյալի՝ նա Շենգավիթ ԲԿ-ում աշխատում է 2012 թվականից: Դատական նիստի ընթացքում Անի Բաբելյանը հարժարվեց պատասխանել դատարանի հարցերին և ցուցմունք տալ:

Տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանում հարցաքննվի փորձաքննության եզրակացության ժամանակ կարծիք հայտնած հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի անդամ, մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Օկոևին:

 Ըստ պաշտպանի` նման միջնորդությունն արվում է, քանի որ դատարանում շատ շահարկվեց վկա դատակոչված Ռազմիկ Աբրահամյանի ցուցմունքը: Նշենք, որ  Ռազմիկ Աբրահամյանը ներառված է վերոնշյալ հանձնաժողովում, և մինչև Մերի Մարգարյանի մահը ներկա է եղել  նրա բուժման համար հրավիրված կոնսիլիումին:

Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը` նշելով, որ հակառակ դեպքում իրենք Ռազմիկ Աբրահամյանի տված ցուցմունքը ճանաչում են անթույլատրելի, ինչն էլ հակասում է օրենսդրությանը:

Մեղադրող Արա Մնացականյանը ժամանակ խնդրեց միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ քննարկման համար, մյուս կողմերը միացան նիստը հետաձգելու միջնորդությանը:

Դատարանը գործով կողմերին հայտնեց, որ փաստաթղթերը հետազոտելիս որոշ տվյալները չեն ուսումնասիրվել, քանի որ վերջիններս  ռուսերենով են.

«Հիվանդության պատմությունը դժվար ընթեռնելի է։ Անգամ թարգմանության ներկայացնելուց հետո որոշ պատասխաններ են գալու, որ անհասկանալի հատվածներ կան։ Հետևաբար, որոշում կայացվեց թարգմանությանը ներգրավել բժիշկ մասնագետներ»,-նշեց դատավոր Դավիթ Բալայանը:

Դատարանը հիմք ընդունելով Քրեական դատավարության օրենսգիրքը, ըստ որի՝ դատական նիստը վարվում է հայերենով, դատարանը որոշում կայացրեց հիվանդության պատմությունները թարգմանել տալ, և քանի որ դրանք նաև դժվար ընթեռնելի են, թարգմանիչները նշել են որոշ բառեր, որոնք անհասկանալի են, դատարանը որոշեց այդ թարգմանությունների ժամանակ մասնակից դարձնել բժիշկ–մասնագետների, թարգմանության ներկայացնել  նաև հիվանդության պատմության մեջ առկա ռուսերեն փաստաթղթերը։

Թարգմանությունների հետ կապված հարցերի լուծման պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ սույն գործով դատական նիստը մեկնարկել է շուրջ մեկ տարի առաջ՝ հուլիսի 7-ին:

Հավելենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝   Շուշանիկ Բախշյանն, աշխատելով «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն՝ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Գործով մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով <<Շենգավիթ բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում որպես մանկաբարձ-գինեկոլոգ, 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ժամանակ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով բուժօգնությունն իրականացրել է ոչ պատշաճ, որն առաջացրել է բուժվող ծննդկանի` Մերի Մարգարյանի, այնուհետև` նորածնի մահը:

Շուշանիկ Բախշյանին և Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ