Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով ամբաստանյալը լրացուցիչ կհարցաքննվի

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեցքրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատական նիստը:

 Դատական նիստի մեկնարկին, նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հավելեց, որ, որոշում է կայացվել վերսկսել դատաքննությունը և լրացուցիչ հարցաքննել ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին:

 Այսօրվա նիստի ընթացքում փորձագետները ներկայացրին իրենց փորձագիտական եզրակացությունները քրեական գործով ձեռք բերված ձայնագրության վերաբերյալ, որում Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանին պատմում է, թե՝ ինչպե՞ս է Մովսեսին պատվիրել Սաֆարյանի սպանությունը, ապա սպանել նաև Մովսեսին:

 Փորձագետ Վաչե Մնոյանի խոսքերով՝ փորձագիտության ընթացքում հնարավոր չի եղել պարզել, թե ձեռք բերված ձայնագրությունը ի՞նչ միջոցներով  է ձայնագրված եղել: Նա նաև հավելեց, որ ձայնագրության 5 տարբեր դրվագներում էլ զրուցակիցները գտնվում են նույն հեռավորության վրա և միևնույն հանգամանքներում, սակայն, անյնուամենայնիվ հնարավոր չէ պարզել ձայնագրությունը օրիգինա՞լ է, թե՞ կրկնօրինակ:

 Ամբաստանյալիայի խոսքերով՝ձայնագրությունում նույն տեղում, սակայն տարբեր օրերի խոսակցություն է: Իսրայել Սարգսյանի այն հարցին, թե արդյո՞ք տեխնիկապես հնարավոր է, որ տարբեր օրերի ձայնագրությունները մոնտաժվեն, փորձագետը պատասխանեց, որ հնարավոր է, սակայն փորձաքննության ընթացքում որևէ միջամտություն չի հայտնաբերվել. «Տեխնիկապես հնարավոր է, որ տարբեր օրերի ձայնագրությունները մոնտաժվեն և ամբողջացվեն, սակայն մոնտաժի հետքեր չենք հայտնաբերել»,-իր խոսքում պարզաբանեց փորձագետը:

 Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել է «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռ ավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում:

 Բժիշկ, փորձագետ Գևորգյանի խոսքերով վերոնշյալ վայրի կոյուղինների ջրերի փորձաքննություն հնարավոր չէ իրականացնել. «Եթե դիակը մի մասում է, իսկ մենք մեկ այլ հատվածից փորձաքննության նմուշ վերցնենք, ապա ոչ մի արդյունք չենք ունենա. Կոյուղաջրերի բաղադրությունը հնարավոր չէ պարզել»,- նշեց նա հավելելով, որ դիակի հյուսվածքները հյուծված կլինեն, սակայն կմախքը այնուամենայնիվ հնարավոր չէ քայքայվեր:

 Դատավոր Արմեն Բեկթաշյանը լրացուցիչ հարցաքննության հրավիրեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին ձայնագրության հետ կապված, սակայն ամբաստանյալը հրաժարվեց այսօրվա նիստի ընթացքում հարցաքննությունից:

 Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին, որի ընթացքում ամբաստանյալը կհարցաքննվի:

 Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են  Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ