Փաստաբանների պալատում այսօր շարունակվեց «Ազատություն և հայրենիք» հիմնադրամը ներկայացնող Արուսյակ Հայրապետյանի բողոքի քննությունը՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ:
Նիստին ներկա էին ՓՊ խորհրդի անդամները՝ Կարեն Մեջլումյանի նախագահությամբ:
Բողոքի լսման նախորդ նիստին, Տիգրան Եգորյանը խորհրդի անդամներին ներկայացրել էր փաստերի և ապացույցների փաստաթղթերը, կցելով նաև երկու սկավառակ՝ Արթուր Սարգսյանի հարցազրույցը և նրա ընտանիքի հետ հարցազրույցը: Արուսյակ Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել՝ գործով վկա հրավիրելու Բայանդուր Պողոսյանին, որից հետո Տիգրան Եգորյանն էլ իր հերթին վկայի միջնորդության հայց ներկայացրեց. «Գործը շատ չերկարացնելու համար մենք նպատակահարմար չէինք գտել վկա ներգրավվելու, սակայն, եթե իրավիճակը փոխվում է, ապա ներկայացնում եմ միջնորդություն՝ Անի Կաղինկյանին ընդգրկել որպես վկա: Ինչես նաև, իմ գործընկեր, Արթուր Սարգսյանի մյուս պաշտպան Վահե Գրիգորյանը հայտնեց, որ հարկ եղած դեպքում «Skype»-ի միջոցով կարող է վկայություն տալ»,- ասել էր նա: Կարեն Մեջլումյանը բավարարել էր երկու կողմերի միջնորդությունն էլ և այսօրվա նիստը պետք է շարունակվեր վկաներ՝ Բայանդուր Պողոսյանի և Անի Կաղինյանի անմիջական մասնակցությամբ:
Այսօրվա նիստի սկզբում, նախագահող Մեջլումյանը դիմեց դահլիճում գտնվող Անի Կաղինյանին՝ լքել սենյակը, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան վկայի ցուցմունքի վերաբերյալ: Վկայի դուրս գալուց հետո դիմեց խորհրդի անդամներին, առաջարկելով անցնել խորհրդատվական սենյակ, որպեսզի որոշեն՝ կարիք կա՞ արդյոք, դիմելու դատարան, որը կտրամադրի Արթուր Սարգսյանի դատական նիստերի ձայնագրությունները այս բողոքի լսման գործին կցելու համար:
Քանի որ Տիգրան Եգորյանն ուշանում էր բողոքի լսումից, նրա ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը դիմեց Կարեն Մեջլումյանին, խնդրելով մի քանի րոպե սպասել Եգորյանին, ինչին հակադարձեց նախագահողը. «Սա առաջարկ է մեր կողմից, ոչ թե Ձեր կամ դիմող կողմ Արուսյակ Հայրապետյանից, այնպես որ, չեմ կարծում որևէ խնդիր լինի»:
Նիստն ընդմիջվեց, որից հետո Կարեն Մեջլումյանը հայտարարեց, որ առաջարկն ընդունվել է և առաջիկա օրերին դատարան կուղարկվի դիմում՝ Արթուր Սարգսյանի դատական նիստերի ձայնագրությունները ստանալու մասին:
Հիշեցնենք, որ Արուսյակ Հայրապետյանն իր բողոքում պնդում է, որ փաստաբան Եգորյանը համապատասխան աշխատանքներ չի կատարել և թերացել է պաշտպանական կողմ իրականացնելու ամիսների ընթացքում: Մասնավորապես. Արթուր Սարգսյանը տառապել է Բեխտերևի հիվանդությամբ, որն ըստ էությամբ արգելում է «մի քանի ժամ անգամ մնալ հայաստանյան բանտում, քանի որ ամեն ժամը կարող է բախտորոշ լինել Արթուրի համար»,- իր խոսքում նշել էր Արուսյակ Հայրապետյանը:
Նյութը՝ Ռոզա Վարդանյանի