Վարչական շրջաններում կավելանա մինի ֆուտբոլի ևս 6 խաղադաշտ

Բակային ֆուտբոլի նկատմամբ երեխաների ու դեռահասների շրջանում եղած մեծ հետաքրքրությունից ելնելով, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով ամեն տարի վարչական շրջաններում ավելանում է մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը: Երևանի քաղաքապետարանի 2017 թվականի շինբարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագիրը: Ըստ այդմ, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Դավթաշեն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կառուցվում են մեկական նոր խաղադաշտեր: Եվս մեկ խաղադաշտ կկառուցվի Շենգավիթ վարչական շրջանում: Այսպիսով, եղած խաղադաշտերը մինչև տարեվերջ կավելանան ևս վեցով:

Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: Զուգահեռաբար, վարչական շրջանների միջոցներով նորոգվում ու կարգաբերվում են նախկինում կառուցված դաշտերը, թարմացվում է դրանց տեսքը:

Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Լուսանկարը` yerevan.am-ի

Մեկնաբանություններ