Սևանա լիճը Հայաստանի բնության հրաշալիքներից և հայ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է, որն ունի հանրապետական և տարածաշրջանային բացառիկ տնտեսական ու էկոլոգիական նշանակություն
Սևանա լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական, գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեք ունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում:
Սևանա լճից ջրի բաց թողնման քանակը օրենքով տարեկան 170 մլն³ է, որը պետք է օգտագործվի ոռոգման նպատակներով: Այս տարվա հունիսի 23-ի ՀՀ կառավարության նիստի ժամանակ հաստատման է ներկայացվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Նախագծով նախատեսվում է՝ 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ³՝ օրենքով սահմանվածից 100 մլն մ³ ավել։ Օրենքի նախագիծը ունի մի քանի հիմնավորում. տնտեսական առումով մինչև 100 մլն մ³ ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինելուն, ինչի արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսմում կգրանցվի: Լճում ջրի բավարար որակի առկայությունը կարող է հիմք հանդիսանալ, որ նախագիծը կարող է նպաստել լճի ջրի աղտոտման ռիսկի կրճատմանը՝ պայմանավորված լճի ծավալի ավելացմամբ և ջրհավաք ավազանում Մարտունի, Գավառ, Վարդենիս և Ջերմուկ քաղաքների մաքրման կայանների գործարկմամբ։
Ըստ ՀՀ կառավարության 2017 թվականի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նպատակը Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայության տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու անհրաժեշտ ջրաքանակի ապահովումն է։
Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, «Civil Voice» ՀԿ-ի փորձագետ Սեյրան Մինասյանի խոսքերով վերցված ջրի մեծ մասը կորչում է վատ կառավարման և ջրային համակարգերի վատ վիճակի պատճառով
«Ոռոգման ցանցերում ահռելի ջրային կորուստներ կան, իսկ Սևանի ջուրը վերցնում են իրենց թերությունները ծածկելու համար: Ոռոգման համար օգտագործվող ջրի մեծ մասը, ըստ էության, կորչում է։ Փոխանակ սա վերականգնեն, Սևանից են ջուր վերցնում», – ասաց փորձագետը։
Փորձագետի խոսքերով՝ ոռոգման ջուրի կորուստը մինչև դաշտ հասնելը, վերջինիս էֆեկտիվությունը հասցնում է միջինում 0.5-ի, այսինքն՝ բաց թողնված ջրի 50%-ը անիմաստ կորչում է․
«Սա գործ չանելու և ծածկելու ձև է։ Անընդհատ Սևանից ջուր վերցնենք, համ էլ հետը հոսանք կստանանք. վատ կառավարման հետևանք է»,- նշեց Սեյրան Մինասյանը, հավելելով, որ գյուղացիների առաջ մեղավոր են վատ կառավարողները, քանի որ ոռոգման համակարգերը չեն կարողանում կարգի բերել, սակայն տասնյակ միլիոնավոր դոլար վարկեր, դրամաշնորհներ, բյուջետային միջոցներ է հատկացվել այս խնդրի լուծման համար։ Սակայն ինչպես ջուրն է կորում, այդպես էլ միջոցները:
Նշենք նաև, որ ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում նկարագրված չէ հավելյալ ջրի բաց թողնման ազդեցությունը Սևանա լճի վրա։
Նախագիծը պատշաճ կերպով հիմնավորված չէ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ գիտական առումներով։
Հաշվի առնելով Սևանա լճի էկոլոգիական վիճակի բարելավման հրատապությունը` ՀՀ Ազգային ժողովը 2001 թ. ընդունել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է, որ Սևանա լճում և դրա ջրհավաք ավազանում մարդկային ցանկացած գործունեություն պետք է իրականացվի Սևանա լճի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման համալիր և տարեկան ծրագրերի հիման վրա։
Նշենք, որ ընդունումից ի վեր «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարվել է 2008 և 2012 թվականներին։ 2008 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության իրականացումը` առավելագույնը սահմանվել է մինչև 360 մլն մ³, իսկ 2012 թվականին՝ 320 մլն մ³։
Հիշեցնենք, որ «SOS Սևան» նախաձեռնությունը ստորագրահավաք էր նախաձեռնել ընդդեմ Սևանա լճից հավելյալ ջրի բաց թողնմանը, որի պահանջ-տեքստը՝ ի դեմս 72 կազմակերպությունների ուղարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Աժ նախագահ Արա Բաբլոյանին։ Տեքստում մասնավորապես ասվում է.
«Լճից հավելյալ ջրի բաց թողնման դեպքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, որը կենսածին տարրերի տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի նոր ճահճացման գործընթացին։ Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի լճի ջերմաստիճանային ռեժիմի խախտումը, ինչը կազդի լճի կենդանի օրգանիզմների վրա»
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի