Սոլկանն ընդդեմ Ռումինիայի

Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեբուժարանում գտնվելու ժամանակ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու խնդրանքով դիմումը մերժելու իշխանությունների որոշմանը։ Դիմումատուն՝ Լումինիտա Զամֆիրա Սոլկանը, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1969 թվականին, ներկայում գտնվում է Պադուրենի-Գրայդուրի շրջանի հոգեբուժարանում։ 2005 թվականին Դիմումատուն սպանություն է կատարել Ֆրանսիայում։ Ֆրանսիայի բժիշկները նրա մոտ ախտորոշել են պարանոիդ շիզոֆրենիա։ Դատարանի որոշմամբ՝ Դիմումատուին տեղափոխել են հոգեբուժարան, իսկ 2012 թվականին՝ Ռումինիայի հոգեբուժարան։

2013 թվականի ապրիլի 11-ին մահացել է Դիմումատուի մայրը, և նա հաջորդ օրը դիմել է դատարան՝ իր մոր հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար թույլտվություն ստանալու խնդրանքով։ Սակայն դատարանը մերժել է դիմումը՝ հիմնավորելով, որ Դիմումատուն հոգեկան առողջական խնդիրներ ունի և վտանգ է ներկայացնում հասարակության համար։ Հիմք ընդունելով հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց իրավունքները կարգավորող օրենսդրությունը՝ Դիմումատուն բողոքել է դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայել է Դիմումատուին հոգեբուժարանից ազատ արձակելու և բուժումը խափանելու համար հիմնավոր պատճառաբանություն կամ իրավական դրույթ, Պադուրենի շրջանային դատարանը մերժել է բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր մոր հուղարկավորությանը մասնակցելու խնդրանքով իր դիմումը մերժելու դատական ատյանների կայացրած որոշման մասին։ Ներկայացրած բողոքի մեջ Դիմումատուն նաև նշել է, որ իր գործով որոշումները կայացվել են միայն հուղարկավորության արարողությունից հետո։

Սույն գործի քննության շրջանակներում ՄԻԵԴ-ը պարզել է, որ դեռևս 2005 թվականին Դիմումատուն ինքնակամ ընդունվել է հոգեբուժարան, սակայն 7 տարի անց՝ 2013 թվականին, ներպետական դատական ատյանները մերժել են մոր հուղարկավորությանը մասնակցելու խնդրանքով նրա դիմումը՝ առանց բժշկական հետազոտության իրականացման: Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը հայցը քննելիս գնահատել է միայն Դիմումատուի նախնական ախտորոշումը և առհասարակ այն վտանգը, որը նա կարող է ներկայացնել հանրության համար իր հիվանդության պատճառով: Բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուի իրավիճակը գնահատվել է փորձագետների կողմից՝ նրա դիմումը բավարարելու կամ մերժելու համար։ Ավելին, 2013 թվականի հոկտեմբերի 22-ի վերջնական որոշման մեջ Դիմումատուի դիմումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ ներպետական ​​օրենսդրությունը չի նախատեսում նման հնարավորություն։ Այսինքն, Դիմումատուի անհատական ​​իրավիճակը ընդհանրապես չի գնահատվել դատարանի կողմից։

Հաշվի առնելով սույն գործի լրջությունը, այն է՝ անհատի՝ ծնողի հուղարկավորությանը մասնակցելու իրավունքի սահմանափակումը, նույնիսկ եթե դա կարող է դիտվել որպես սպառնալիք հասարակության անվտանգությանը, ՄԻԵԴ-ը եկել է այն եզրակացության, որ Ռումինիայի ներպետական ​​դատարանները պետք է ուսումնասիրեին հուղարկավորության արարողությանը Դիմումատուի մասնակցությունն ապահովելու այլընտրանքային եղանակներ և մերժեին խնդրանքը, եթե որևէ տարբերակ չգտնվեր: Դատարանը հավելել է, որ նման իրավիճակում հնարավոր կլիներ թույլատրել հիվանդին լքել հոգեբուժարանը՝ հատուկ աշխատակիցների ուղեկցությամբ։ ՄԻԵԴ-ն իր հայտնած դիրքորոշման մեջ նաև հայտնել է, որ դատական ատյաններն արագ չեն արձագանքել Դիմումատուի խնդրանքին և վերջինիս գործի քննությունը սկսվել է հուղարկավորության օրվանից մեկուկես ամիս անց։

Վերոգրյալի լույսի ներքո՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռումինիան պարտավոր է Դիմումատուին վճարել 6․000 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար։