«Սասնա ծռեր»-ի երեք անդամներ դադարեցրել են հացադուլը

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական չհայտարարված այցն են կատարել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Նրանք առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած Տիգրան Մանուկյանի հետ, քննարկել նրա ներկայացրած հարցերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, որից հետո Տիգրան Մանուկյանը որոշել է դադարեցնել հացադուլը:

Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, հացադուլը դադարեցրել է Վարդան Գերավետյանը, իսկ օգոստոսի 7-ին՝ Վարդգես Գևորգյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ ուսումնասիրել են նրանց բժշկական փաստաթղթերը: Քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետո տեղի են ունեցել համապատասխան քննարկումներ կապված նրանց առողջական վիճակի և դրա նկատմամբ վերահսկողության հետ:

Հացադուլ հայտարարած անձանց իրավունքների ապահովումը պահանջում է աշխատանքի հատուկ սկզբունքներ։ Նրանց պահման պայմանների վիճակը մշտապես եղել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրության ներքո: