Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի գործով Հայաստանը պետք է վճարի 259․000 եվրո փոխհատուցում

Դիմումատուները՝ Վերսանդիկ Հակոբյանը և Հեղինե Ամիրխանյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1950 և 1958 թվականներին, բնակվում են Երևանում: Նրանք ամուսիններ են, ունեն ընդհանուր համատեղ սեփականություն՝ տուն (մակերեսը՝ 124.52 քմ) և հողատարածք (մակերեսը՝ 222 քմ) Երևանի կենտրոնում: Դիմումատուներն այդ գույքը գնել են 2001 թվականի հոկտեմբերի 23-ին՝ 84,466.500 ՀՀ դրամով (համապատասխան ժամանակահատվածում մոտավորապես 167.250 եվրո): Գործը վերաբերում է Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող գույքի օտարման վերաբերյալ Կառավարության որոշմանը։

2000 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է Երևանում քաղաքաշինական նախագիծ, որի համաձայն նախատեսվել է հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարում իրականացնել։ Դիմումատուներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող  գույքի օտարման դիմաց փոխհատուցման գումար է առաջարկվել։ Սակայն, Դիմումատուները չեն համաձայնել և բողոքել են իրենց պատկանող անշարժ գույքը սխալ գնահատելու և փոխհատուցման ցածր գումար հատկացնելու Կառավարության որոշման մասին։ Դիմումատուների ներկայացրած բողոքները մերժվել են ներպետական դատական ատյանների կողմից։ Դիմելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջել է Վերսանդիկ Հակոբյանին և Հեղինե Ամիրխանյանին հարկադրել կնքելու հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար օտարելու պայմանագիր և վտարել զբաղեցրած տարածքից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 6-ին կայացրած վճռով հայցը բավարարվել է: Դիմումատուները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը, սակայն, 2006 թվականի դեկտեմբերի 15-ին վճռաբեկ բողոքը վերադարձրել է: Նույն թվականին Դիմումատուներին պատկանող գույքը օտարվել է Կառավարության կողմից:

2009 թվականին Դիմումատուները բողոք են ներկայացրել ՄԻԵԴ։ Նրանք բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում և Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։ Դիմումատուները պնդել են, որ սույն գործով հանրության շահը չի կարող համարվել գերակա, քանի որ դրա համար չկա համապատասխան իրավական հիմնավորում։ Բացի այդ, գույքի օտարումը վնաս է պատճառել նշված տարածքի սեփականատերերին, այս դեպքում՝ Դիմումատուներին։ Դիմումատուները բողոքել են օտարման ենթակա գույքի սխալ գնահատման մասին։ Նրանք պնդել են, որ զրկվել են իրենց ունեցվածքից, սակայն, այդպես էլ փոխհատոցում չեն ստացել։ Հակոբյանը և Ամիրխանյանը բողոքել են նաև իրենց գործով իրականացված քաղաքացիական դատավարության արդարացիության մասին։ Գործի շրջանակներում Դիմումատուների և պատասխանող Պետության ներկայացուցիչները դիրքորոշումներ են հայտնել։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածը (գանգատը ցուցակից հանելը)՝ պատասխանող Պետությունը խնդրել է Դիմումատուների գանգատը հանել գործերի ցուցակից և դադարեցնել քննությունը։ Բայց միջնորդությունը մերժվել է։

Գործի քննության շրջանակներում ՄԻԵԴ-ը՝ քննելով բողոքներ՝ կապված Հայաստանի դեմ մի շարք այլ գործերով ներպետական օրենսդրության նույն դրույթների կիրառման հետ, եզրակացրել է, որ գույքի օտարումն իրականացվել է ապօրինի եղանակով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Վերսանդիկ Հակոբյանի և Հեղինե Ամիրխանյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը պարտավոր է Դիմումատուներին պատճառված նյութական վնասի համար վճարել 250․000 եվրո, 6․000 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար և 3․000 եվրո՝ դատական ծախսերի համար։