Մեղադրողը դատախազությունում աշխատանքային փոփոխությունների պատճառով չէր ներկայացել․ Օֆշորի գործ

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց օֆշորի գործով դատական նիստը:  Դատական նիստին ներկա չէր մեղադրող Դավիթ Վեքիրյանը՝ դատախազությունում աշխատանքային փոփոխությունների պատճառով: Նիստին ներկա չէր նաև տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում մեղադրող  Դավիթ Վեքիրյանը իր մեղադրական ճառին կից ներկայացրել էր  հայցադիմում՝ ըստ որի պահանջում էր ապմաստանյալից  բռնագանձել 82.445.000 ՀՀ դրամ, որպես  պետության պատճառած գույքային վնասի փոխհատուցում:  

Նախորդ դատական նիստի ընթացքում դատարանում տուժող Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Աշոտ Գևորգյանը ներկայացրեց իր ճառը: Ներկայացուցիչը դատարանից պահանջեց, որպեսզի ամբաստանյալին առաջադրված բոլոր 3 մեղադրանքներում մեղավոր ճանաչեն:  Իսկ տուժողի մյուս ներկայացուցիչ Լուսինե Աղլամազյանը իր ճառում նշել էր, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ պետք է կիրառվի երկարաժամկետ ազատազրկում, քանի որ Աշոտ Սուքիասյանի կատարած գործողությունների արդյունքում Փայլակ Հայրապետյանը ունեզրկվել է:

Նշենք նաև, որ Աշոտ Սուքիասյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ իր տեսակցությունների արգելքը վերացնելու համար: Միջնորդությունը դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր, մանրամասնելով, որ արդեն վաղուց դատաքննության փուլը ավարտվել է, և արգելքը իմաստ չունի: Սակայն միայն երեկ էր արգելքի վերացման որոշումը հասել քրեակատարողական հիմնարկ:

Այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառով ելույթ էին ունենալու ամբաստանյալը և իր պաշտպան Յուրիկ Խաչատրյանը: Երկուսն էլ դատարանում փաստեցին իրենց ճառին պատրաստ լինելու մասին:

Դատական նիստը տեղի հետաձգվեց մինչև օգոստոսի 4-ը:

Նյությը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ