Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով 2020-ին Հայաստանն Ադրբեջանից ու Վրաստանից առաջ է անցնելու․ ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ, IMF) տվյալներով՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) Հայաստանը 2020 թվականին առաջ է անցնելու Վրաստանից ու Ադրբեջանից։ Հիմնադրամի պաշտոնական կայքէջում հրապարակված թվերի համաձայն՝ 2020-ին Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4 հազար 760 դոլար, այն պարագայում, երբ հարևան Ադրբեջանում այն կկազմի 4 հազար 720, իսկ Վրաստանում՝ է՛լ ավելի քիչ՝ 4 հազար 630 դոլար։

Ֆեյսբուքյան գրառմամբ թեմային անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. – «Հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը»։

Եթե հիմք ընդունենք ԱՄՀ-ի այս վերջին թվերը, տեսնում ենք, որ տնտեսական հաջողությունների առումով Հայաստանը միջին հորիզոնական է զբաղեցրել. կանխատեսման համաձայն՝ 2020-ի արդյունքներով 15 հանրապետությունների շարքում Հայաստանը կզբաղեցնի 8-րդ տեղը, չնայած 1988 թվականի երկրաշարժին, ղարաբաղյան պատերազմին, շարունակվող շրջափակմանը և տասնամյակներ տևած կոռումպացված համակարգին։

Ըստ ԱՄՀ-ի, հետխորհրդային երկրներից 2020 թվականին առաջին տեղում Էստոնիան է լինելու՝ 24 հազար 800 դոլար ցուցանիշով, վերջին հորիզոնականում՝ Տաջիկստանը՝ 910 դոլարով.

Էստոնիա – 24 հազար 800 դոլար

Լիտվա – 20 հազար 350 դոլար

Լատվիա – 19 հազար 100 դոլար

Ռուսաստան – 11 հազար 310 դոլար

Ղազախստան – 9 հազար 670 դոլար

Թուրքմենստան – 8 հազար 990 դոլար

Բելառուս – 6 հազար 740 դոլար

Հայաստան – 4 հազար 760 դոլար

Ադրբեջան – 4 հազար 720 դոլար

Վրաստան – 4 հազար 630 դոլար

Ուկրաինա – 3 հազար 880 դոլար

Մոլդովա – 3 հազար 470 դոլար

Ուզբեկստան – 2 հազար 90 դոլար

Ղրղըզստան – 1 340

Տաջիկստան-910 դոլար

Նշենք նաև՝ եթե Հայաստանն առաջ է անցելնելու Ադրբեջանից ու Վրաստանից, ապա տակավին զիջելու է Թուրքիային, ուր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2020-ին կկազմի 9 հազար 680 դոլար, և Իրանին, որտեղ այդ թիվը 5 հազար 500 դոլար է լինելու։

Մեկնաբանություններ