Իրանն ընդունել է, որ «ոչ միտումնավոր» խոցել է ուկրաինական Boeing-ը

Մի քանի օր շարունակվող հերքումներից հետո Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, ինչի հետևանքով 176 մարդ զոհվել է։

Այսօր առավոտյան պետական հեռուստատեսությամբ հրապարակված հայտարարությունում Իրանի զինված ուժերը հայտնել են, որ օդանավը սխալմամբ «թշնամական թիրախ» է համարվել, երբ շրջվել է դեպի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «զգայուն ռազմական կենտրոն»։

Նույն՝ հունվարի 8-ի գիշերը, երբ Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց հետո կործանվեց Կիև թռչող ուկրաինական Boeing-ը, Իրանը հրթիռակոծել էր Իրաքում Միացյալ Նահանգների զինված ուժերի տեղակայման վայրերը, այդ թվում՝ երկու ռազմաբազաները։

Իրանի զինված ուժերն այսօրվա հայտարարությունում վստահեցնում են, որ ողբերգության համար պատասխանատուներն «անմիջապես» արդարադատության առջև կկանգնեն։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, միաժամանակ, Թվիթերում գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Միացյալ Նահանգների արկածախնդրության» հետևանքով առաջացած ճգնաժամի ժամանակ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թվիթերում գրառմամբ «մեծ ողբերգություն և աններելի սխալ» է որակել միջադեպը։

Ի սկզբանե իրանական կողմը որպես ավիաաղետի պատճառ նշում էր տեխնիկական անսարքությունը։ Արևմուտքը, այդուհանդերձ, պնդում էր՝ ապացույցներ կան, որ իրանական զինված ուժերն են խոցել օդանավը։