Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը այցելել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:  Հանդիպմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև հետաքրքիր զրույց-քննարկում ծավալվեց դատավորի մասնագիտական կայացման, երկու երկրների դատական իշխանությունների առանձնահատկությունների և ընդհանրությունների, իրավունքի մասնագետների պատրաստման չափորոշիչների և, ընդհանրապես, կրթական ու գիտական գործընթացների կազմակերպման մեթոդների մասին:

Լսարանի խնդրանքով՝ Թաքվոր Ավեդիսյանն անդրադարձավ Նիդերլանդների Թագավորության դատական համակարգում գործող այն արդյունավետ կառուցակարգերին, որոնք վերաբերում են մասնավորապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերին, դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման և վստահության գործակիցը բարձրացնելուն ուղղված ջանքերին:

«Ինչու՞ ես խոսեցի իմ ընտանիքից, իմ մասնավոր կյանքից, որպեսզի ցույց տամ, որ լավ դատավոր դառնալու համար, կարծում եմ, պետք է գիտակցել, թե որտեղից ես գալիս, որն է կյանքի քո տեսլականը: Ես շփվել և շփվում եմ իմ կոլեգաների հետ, տարբեր մարդկանց հետ, ովքեր իրական մարդիկ են՝ իրենց իրական խնդիրներով», – նկատեց Թաքվոր Ավեդիսյանը:

Հանդիպման ավարտին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և բովանդակալից զրույցի համար և նրանց հանձնեց ֆակուլտետի 80-ամյակին նվիրված գիտական նյութերի ժողովածուի անգլերեն տարբերակը, իսկ Թաքվոր Ավեդիսյանին, որպես մեր հայրենակցի՝ նաև անգլերեն լեզվով Նարեկացու «Մատյան ողբերգությունը»: