ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել քաղաքական գործիչներին չխոչընդոտել լրագրողների աշխատանքին

Օրեր առաջ Ժնևում կայացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի բացումը։ Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանի պատվիրակները նոր բանաձև են ընդունել՝ լրագրողների անվտանգության վերաբերյալ: Նրանք դատապարտել են ամբողջ աշխարհի մամուլի ներկայացուցիչների դեմ իրականացվող հարձակումները և բռնության դրսևորումները՝ կոչ անելով քաղաքական գործիչներին չվախեցնել լրագրողներին և չխոչընդոտել նրանց աշխատանքին։

«ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտում է լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների վրա իրականացվող բոլոր տեսակի հարձակումները և բռնության դեպքերը, ինչպիսիք են՝ խոշտանգումները, սպանության դեպքերը, բռնի անհետացումները, անհիմն ձերբակալությունները և կալանքը, արտաքսումը, ահաբեկումը, սպառնալիքները և հետապնդումները և այլ տեսակի անհարգալից դրսևորումները»,- նշվել է Ժնևում ընդունված բանաձևում։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև կին լրագրողների պաշտպանությանը: Բանաձևի համահեղինակները կոչ են արել պետություններին դադարեցնել կին լրագրողների վրա իրականացվող նպատակային հարձակումները և անպատիժ չթողնել կատարված հանցագործությունները, այդ թվում` սեռական բնույթի հանցագործությունները:

Նույն բանաձևում Մարդու իրավունքների խորհրդի անդամներն իրենց  մտահոգությունն են հայտնել համացանցի և այլ ծառայությունների միջոցով ապատեղեկատվության և քարոզչության տարածման մասին։ Նրանք կոչ են արել քաղաքական գործիչներին, պետության ղեկավարներին և պաշտոնյաներին դադարեցնել լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ վիրավորանքի, զրպարտությունը կամ սպառնալիքի դրսևորումները։

Հիշեցնենք, որ նախկինում ՄԱԿ-ի և Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի փորձագետները դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից լրագրողների նկատմամբ իրականացված հարձակումները։ ՄԱԿ-ի խոսքի ազատության իրավունքի պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողը նշել է, որ ԱՄՆ նախագահը բազմիցս «վիրավորական պիտակներ» է կպցրել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և անվանել է նրանց «ամերիկացիների թշնամիներ»։ Թրամփը մեղադրել է լրագրողներին անազնվության և կեղծ լուրեր տարածելու մեջ։ Փորձագետները կարծում են, որ ԱՄՆ նախագահի կողմից մամուլի ներկայացուցիչների նկատմամբ նման վերաբերմունքը հանգեցնում է լրագրողների իրավունքների խախտումներին:

Նշենք, որ Մարդու իրավունքների խորհուրդը հիմնադրվել է 2006 թվականի մարտի 15-ին։ Այն կազմված է 47 անդամ պետություններից, որոնք Գլխավոր ասամբլեայի կողմից ուղղակիորեն և առանձին-առանձին ընտրվում են գաղտնի քվեարկության միջոցով: Խորհրդի անդամ պետություններն ընտրվում են երեք տարի ժամկետով և վերընտրվելու իրավունք չունեն իրար հաջորդող երկու ժամկետների ավարտից անմիջապես հետո։ Խորհուրդը շվեյցարական Ժնև քաղաքի Ազգերի պալատում հանդիպում է տարեկան առնվազն երեք լիագումար նստաշրջաններով՝ առնվազն 10 շաբաթ ընդհանուր տևողությամբ, իսկ Խորհրդի հիմնական (չորսշաբաթյա) նստաշրջանը սովորաբար անց է կացվում մարտ ամսին:

Մեկնաբանություններ