Ուզբեկստանը բանակցում է  ԱՀԿ-ին  անդամակցելու համար 

Այս տարվա սեպտեմբերի 26-ից 27-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի է ունեցել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Կլոր սեղանի յոթերորդ համաժողովը՝ կազմակերպությանն անդամակցության վերաբերյալ։

Սեպտեմբերի 28-ին համաժողովի շրջանակներում Ուզբեկստանի արտաքին առևտրի նախարար Ջամշիդ Խոջաևի և ԱՀԿ Գլխավոր տնօրեն Ռոբերտու Ազևեդուի միջև բանակցություններ են տեղի ունեցել։ Բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են Ուզբեկստանի և ԱՀԿ-ի միջև համագործակցության հետ կապված հարցերը: Մասնավորապես՝ քննարկվել են Ուզբեկստանի ԱՀԿ-ին անդամակցության գործընթացում անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև՝ ԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպվող միջոցառումներին Ուզբեկստանի մասնակցությանն առնչվող հարցերը։

Ավելի վաղ, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2021 թվականը։ Նրա կարծիքով՝ ԱՀԿ-ի հետ համագործակցությունը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական ոլորտում երկրի զարգացման գործընթացի վրա։

Հիշեցնենք, որ Ուզբեկստանը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համար հայտ է ներկայացրել դեռևս 1994 թվականին: Ներկայիս դրությամբ երկիրն ունի կազմակերպության դիտորդի կարգավիճակ, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում  Ուզբեկստանն ակտիվ բանակցություններ է վարում՝ կազմակերպության լիիրավ անդամ պետություն դառնալու նպատակով։