ՄԱԿ-ը նշում է Աղքատության վերացման միջազգային օրը

Այս տարի ՄԱԿ-ը նշում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակը։ Այս նշանավոր փաստաթղթում առաջին անգամ առանձնացվել են մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:1992 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել՝ հոկտեմբերի 17-ը հռչակելով Աղքատության վերացման միջազգային օր։ ՄԱԿ-ը կոչ է անում բոլոր անդամ պետություններին պայքարել աղքատության դեմ և բնակչության համար կյանքի նպաստավոր պայմաններ ստեղծել։

Այս տարի օրվա թեման կարևորում է մարդու իրավունքների պաշտպանությունը, հատկապես՝ բնակչության առավել խոցելի խավի ներկայացուցիչների իրավունքների իրականացումը և աղքատության դեմ պայքարը։ Այսկերպ, աղքատության մեջ ապրող մարդիկ կարող են բարձրաձայնել իրենց խնդիրները և կիսվել իրենց փորձով, թե ինչպես կարող ենք ավելի արդյունավետ սոցիալական ինտեգրման հասնել: Դա նաև կօգնի աշխարհի բնակչությանը համախմբվել աղքատության մեջ ապրող մարդկանց իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման գործում: Այսօր ՄԱԿ-ի կարևոր խնդիրներից է վերացնել աշխարհում ծայրահեղ աղքատությունը։

Աշխարհում շուրջ 1․2 միլիարդ մարդ ծայրահեղ աղքատության մեջ է ապրում։ Նրանց համար մարտահրավեր ու սպառնալիք են սննդամթերքի, ապաստանի և տարրական ծառայությունների պակասը, վտանգավոր աշխատանքային պայմանները, նրանք ապրում են քայքայված և անապահով կենսապայմաններում: Աղքատության վերացման միջազգային օրն այն հնարավորությունն է, որը կբարձրացնի մեր հանձնառությունը և ցույց կտա աղքատների հետ մեր համերաշխությունը, կարժևորի աղքատության մեջ ապրող մարդկանց ջանքերն ու պայքարը և նրանց հնարավորություն կտա, որ իրենց մտահոգությունները լսելի դարձնեն:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշն Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ և կոչ է արել աշխատել աղքատության դեմ պայքարելու և այն մինչև 2030 թվականը վերացնելու համար նաև գիտական և տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ։

ՄԱԿ-ի փորձագետների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջին 25 տարիների ընթացքում տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության շնորհիվ աշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ դուրս է եկել աղքատությունից։ Սակայն ներկայումս ավելի քան 700 միլիոն մարդ դեռևս աղքատության մեջ է ապրում։ Համաշխարհային տնտեսության արագ զարգացումը նրանց կյանքի համար դրական փոփոխություններ չի առաջացնում, և մարդիկ համապատասխան կրթություն, բժշկական օգնություն և աշխատանք ստանալու հնարավորություն չունեն:

«Եկեք հիշենք, որ աղքատության վերացումը ոչ միայն բարեգործություն է, այլ նաև՝ արդար գործ և առաջնային նպատակ է»,- շեշտել է իր ելույթի ավարտին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։